Ինչո՞ւ տեղյակ չեմ «Ռոսսելխոզնադզորի» նամակներից. վարչապետը՝ ՍԱՊԾ պետին
Այսօրվա կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանից հետաքրքրվեց՝ մայիսի 10-ին և մայիսի 16-ին նամակներ է ստացել «Ռոսսելխոզնադզորի» կողմից, ինչո՞ւ ինքը տեղյակ չէ այդ նամակների մասին:
Իշխան Կարապետյանը նշեց, որ տարվա ընթացքում ստանում են բազմաթիվ նամակներ և իրենք էլ իրենց հերթին արձանագրված դեպքերի մասին բազմաթիվ նամակներ են ուղարկում գործընկերներին, ռուս գործընկերների հետ անցկացրել են աշխատանքային քննարկում:
«Ես վարչապետի պաշտոնն ստանձնելուց հետո զանգել եմ Ձեզ և հարցրել, թե արդյոք խնդիրներ ունենք գյուղմթերքի արտահանման ոլորտում, Դուք ասել եք, որ խնդիր չկա: Դրանից հետո Դուք ստացել եք երկու նամակ: Իմանալով, որ ես անձամբ այդ հարցով հետաքրքրված եմ, բայց ո՞ւմ եք զեկուցել և ինչ գործողություն եք ձեռնարկել խնդիրը լուծելու համար: Գյուղատնտեսության նախարարին, փոխվարչապետերին, վարչապետին զեկուցե՞լ եք»,- հետաքրքրվեց վարչապետը, որին ի պատասխան՝ Իշխան Կարապետյանը նշեց, որ այդ հարցով քննարկում են ունեցել «Ռոսսելխոզնադզորի» ղեկավարի հետ, փորձել է կապվել փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հետ, բայց չի ստացվել:
Այնուհետև Փաշինյանը և Կարապետյանը փորձում էին պարզել, թե ինչ է եղել մակնշման մեջ, ինչ է մակնշված եղել, ինչ են պահանջել ռուսները, խնդրահարույց խմբաքանակը որտեղ է և այլն:
Հիշեցնենք, որ վերջերս ռուս-վրացական սահմանից կարանտին լոլիկ և վարունգ էր վերադարձվել Հայաստան, և ռուսական կողմը նշել էր, որ չի բացառվում, որ նման դեպքերի կրկնության պարագայում արգելվի Հայաստանից գյուղմթերքի արտահանումը ՌԴ:
Նշենք նաև, որ ապրիլին մեծ քանակի լոլիկի արտահանում էր գրանցվել Հայաստանից, որը դարձյալ ռուսական կողմին զարմացրել էր` մեծաքանակ լինելու պատճառով. Ռուսները պարզաբանումների համար դիմել են ՀՀ գյուղնախարարություն: