Հրազդանի ԲԿ-ի տնօրենի ու դատական բժշկի համատեղ բիզնեսը՝ ատկատների հաշվին․ սգո սրահ՝ ծննդատան հարևանությամբ
NEWSPRESS.am-ի տեղեկություններով՝ Հրազդանի բժշկական կենտրոնին կից նոր շինություն է կառուցվում։ Բժշկական կենտրոնի կազմում ներառված են հիվանդանոցը, պոլիկլինիկան և ծննդատունը, որի այցելուներից էլ մեզ ահազանգել են իրականացվող շինարարության մասին։
45քմ կիսակառույցն անմիջապես ծննդատան հարևանությամբ է գտնվում և այն նախատեսված է սգո ծառայությունների համար։ Ծննդկաններն, իհարկե, չէին կարող անտարբեր մնալ այս երևույթին, ուստի նրանցից մի քանիսը դիմել են մեր օգնությանը՝ հայտնելով իրենց դժգոհությունը և նշելով, որ խանութ-սրահում լինելու են նաև դագաղներ։
NEWSPRESS.am-ին հաջողվեց պարզել, որ շինարարությունն իրականացվում է ԲԿ-ի տնօրեն Լիլիա Կարապետյանի նախաձեռնությամբ, որից մասնաբաժին ունի նաև Հրազդանի դատական բժիշկ, Չարենցավանի բժշկական կենտրոնի տնօրեն Գառնիկ Սահակյանը։
Մեզ հասած լուրերի համաձայն՝ Լիլիա Կարապետյանը շինությունն իրականացնում է ատկատների հաշվին։ Կան լուրեր, որ նա աշխատանքի ընդունելու համար գումարներ է շորթում բուժաշխատողներից։ Ասում են՝ ամեն աշխատողի համար վերցնում է 3000 ԱՄՆ դոլար։
Ընդհանրապես այս հիվանդանոցում կոռուպցիոն երևույթների պակաս չի զգացվում։ Դժգոհություններ կան կապված նաև նրա մասնագիտական ընդունակությունների հետ։ Այս ամենին NEWSPRESS.am-ը կանդրադառնա հաջորդ հրապարակումների ժամանակ։
Թեև նույնիսկ առանց այդ հրապարակումների էլ արդեն պարզ է, որ ծննդատանը կից կառուցվող սգո սրահ կառուցելն ինքնին նորմալ երևույթ չէ․ այն հղի է խնդիրներով ու ոչ մասնագիտական մոտեցման արդյունք է։ Բժշկուհու ախորժակը, հավանաբար, ուտելիս այն աստիճան է բացվել, որ նա արդեն չի ընկալում, թե ինչ խնդիրներ կարող է առաջացնել իր նոր բիզնեսը։
Ինչպես վերոհիշյալի, այնպես էլ բժշկուհու ամուսնու «որակական հատկանիշների» հետ կապված որոշ մանրամասների կանդրադառնանք հաջորդիվ։