«Նոստալջի». կրճատվող ծառայողական մեքենաներ ու գործուղումներ․ սկիզբը նույնն է, ելքը՝ հաջորդիվ
Կառավարության նիստի ժամանակ նորընտիր վարչապետ Փաշինյանի անդրադարձը ծառայողական մեքենաների կրճատմանը՝ մի տեսակ «նոստալջի» էր։ Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն իր պաշտոնավարման առաջին օրերին ևս խոսեց ծառայողական մեքենաների գերկուտակման ու դրանց ծախսերի կրճատման մասին։ Մեքենաները կրճատվեցին 40-ով։ Ավելին՝ Կարապետյանն ինքն էլ հրաժարվեց իր ծառայողական մեքենայից։
Փաշինյանն, իհարկե, չի ուզում հրաժարվել իր զրահապատ ծառայողականից՝ քանի որ, իր իսկ խոսքով, հարձակում է նախապատրաստվում, և պաշտպանվել է հարկավոր։ Իսկ մյուս պաշտոնյաների ծառայողականները կկրճատի։
Մասնավորապես, կկրճատվեն առաջին փոխվարչապետի հինգ մեքենաներից երեքը, իսկ մյուս մեքենաների հետ կապված դեռ քննարկումներ կլինեն։
Կկրճատվեն նաև գործուղումները, որոնք հաճախ վերածվում են «տուրիստական շրջագայությունների»։ Այս մասին էլ բարձրաձայնեց Կրթության և գիտության նորանշանակ նախարարը։ Այս հայտարարությունը ևս հիշեցրեց նախորդներին, երբ Կարեն Կարապետյանը չեղարկում էր նախարարների գործուղումները։
Այլ կերպ ասած՝ սկիզբը նույնն է, ելքը՝ հաջորդիվ․․․