Գագիկ Բեգլարյանի օրոք բացառված է եղել Հյուսիս-հարավ ծրագրում որևէ չարաշահում. գրասենյակի հայտարարությունը
Տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի գրասենյակը հայտարարություն է տարածել և անդրադարձել մամուլի մի հրապարակման, ըստ որի՝ Մենգրելիայում ու Աջարիայում Գագիկ Բեգլարյանը և Միհրան Պողոսյանը «մեծ ներդրումներ են արել ջերմոցային տնտեսության և խաղային բիզնեսի մեջ»:
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է, որ հրապարակումն ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը:
«Գագիկ Բեգլարյանն Աջարիայում և Մեգրելիայում, ընդհանրապես` Վրաստանում ներդրումներ չի կատարել, և Միհրան Պողոսյանի հետ որևէ համատեղ բիզնես չունի։
Իսկ Հյուսիս-հարավի իր օրոք կառուցված և առ այսօր միակ գործող հատվածը իրականացվել է բոլոր նորմերի խստագույն պահպանմամբ, նախարարի և միջազգային աուդիտորական կառույցների խիստ հսկողության տակ։ Աշխատանքները գրաֆիկից ոչ մի օր հետ չեն ընկել։ Այն քիչ դեպքերից է, որ նախարարի խստապահանջ հսկողության արդյունքում պետբյուջե ետ են վերադարձվել շինարարների կողմից թույլ տրված առանձին թերացումների հետ կապված գումարները։
Գագիկ Բեգլարյանի օրոք բացառված է եղել Հյուսիս-հարավ ծրագրում որևէ չարաշահում։ Այս թեմայով բոլոր շահարկումները բանսարկություններ են, և դրանց տարածողներն առնվազն ազնիվ չեն»,- ասված է հայտարարության մեջ։