Ձախ Հարութը գուցե ների, պատմությունը հիշաչար է
Այսօր տեսանյութ էր տարածվել սոցիալական ցանցերում, որտեղ երևում է, թե ինչպես Ձախ Հարութին ամերիկահայության մի զանգված չի թողնում ելույթ ունենալ և նա հեռանում է բեմից։
Ձախ Հարութն այն արտիստն է, ում այդքան սիրում են նաև Հայաստանում, իսկ նրանք պարզապես ինքնահաստատվում են՝ արտիստի համերգը տապալելով։
Նա դեռևս կարողանում է իր հին ու նոր երգերով դիպչել մարդկանց սրտի լարերին, իսկ ովքեր, չեն ունեցել ո՛չ սիրտ, ո՛չ սիրո ու դառնության պահեր, ովքեր չեն եղել սիրահարված և կորուստներ չեն ունեցել, ոչ միայն տհաճ է սիրո և ուրախության, տխրության և հույսի երգչի կերպարը, այլև չունեն որևէ տեսլական կյանքում և կարող են ոտնատակ տալ ցանկացած արժեք։
Կարևոր չէ, որ Ձախ Հարութը Մոցարտը չէ կամ էլ Խաչատրյանը, նա Ձախ Հարութն է, ում այդքան սիրում են, ում երգերը լսում են, ում երգերը դեռևս մեր դարակներում են, իսկ մարդիկ, ովքեր կյանքում, բացի մաղձ արտազատելուց, այլ գործի ունակ չեն, կարող են նրան թիկունք դարձնել:
Լսե՛ք Ձախ Հարութին. ոչ բոլորը կարող են երգել այնպես, ինչպես նա։ Մեր շատ երգիչ-երաժիշտները կնախանձեն Ձախ Հարութին ժողովրդականություն ունենալու համար, այն սիրո համար, որ միշտ եղել է նրա արվեստի ու անձի նկատմամբ:
Շատերը մոռացել են, թե ովքեր էին մինչև իշխանափոխությունը և ժողովրդական շարժման վրա փորձում են միավորներ կորզել կամ տարիների մաղձն արտահայտել, իսկ Ձախ Հարութը սիրո երգիչ է: Միգուցե շատերը չեն կարող հաշտվել դրա հետ, սակայն հենց նա է սիրո երգիչը, համերաշխության երգիչը և նրան մերժելը պարզապես սիրո բացակայություն է։
Մարդիկ ուղղակի խղճուկ են, որ սեր ու բերկրանք կյանքում չեն ապրել, երազանքներ չեն ունեցել, ապրել են գորշության մեջ։
Մարդի՛կ, սեր կա՛, և դա նաև Հարութն է: Լսե՛ք Հարութի երգերը, նա երբեք չի հնանում, երբեք չի մոռացվի, իսկ իրենց ոչ կոռեկտ պահող՝ ԱՄՆ հայազգի քաղաքացիները կարող են մի քիչ սեր ստանալ այդ երգերից: Սեր, որ երբեք չեն ունեցել և այդքանով են նրանք մեղավոր:
Հարութը գուցե նրանց ների, պատմությունը հիշաչար է...