Մի լուսանկարի պատմություն․ «Եթե պետք լինի՝ մի քանի օր կանգնած կմնամ»
Անձրևոտ օր էր, սակայն մարդիկ չէին խնայել իրենց ու դուրս էին եկել փողոց։ Խաչմերուկի մի մասում փողոցը փակած երեխաներն էին, իսկ մյուս մասում՝ ոստիկանական զորքը։ Իրավիճակը կամաց-կամաց սկսում էր լարվել, քանի որ ոստիկանները պիտի բացեին փողոցը, իսկ նրանց դիմաց կանգնած էին երեխաները։
Ոստիկանները վերցրեցին իրենց մահակներն ու վահանները, փակեցին խաչմերուկի մի հատվածն ամբողջությամբ ու սպասում էին հրամանին։
Երեխաները ժպտում էին, սակայն այդ ուրախության մեջ կար վախ։ Նրանք չգիտեին, թե մի քանի րոպե հետո ինչ կարող է տեղի ունենալ։
Հանկարծ այդ քարացած ու լարված մթնոլորտի մեջ հայտնվեց մի տարեց կին։ Երեխաների արանքով մի կերպ դուրս եկավ ու կանգնեց ոստիկանական զորքի առաջ։ Մոտեցավ ոստիկաններին, նայեց նրանց աչքերի մեջ ու ասաց․
«Դուք էլ, էս երեխեքն էլ՝ իմ թոռներն եք։ Ես կանգնելու եմ էստեղ, որ չկարողանաք կատարել ձեր հրամանները։ Եթե պետք լինի՝ կկանգնեմ մի քանի օր։ Իրենք ձեր երեխեքն են, իսկ դուք էլ էդ երեխեքի հայրերն ու ավագ ընկերները։ Ես մանկավարժ եմ եղել ու միգուցե ձեզանից շատերին էլ դաս եմ տվել։ Մի՛ արեք դա։ Նայեք ու հպարտացեք իրենցով»։
Տարեց կինը կանգնեց ոստիկանների առաջ ու այդպես մնաց մի քանի րոպե։ Ժամանակն անցնում էր, երեխաները ծածանում էին Հայաստանի եռագույնը, իսկ տարեց կինը կանգնած մնաց անձրևի տակ այնքան, մինչև ոստիկանները գնացին, նստեցին ավտոբուսներն ու ճանապարհի հակառակ ուղղությամբ հեռացան։