Ինչու է հրաժարական տվել Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարը
Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Էմբեր Ռադը հրաժարական է ներկայացրել, որի պատճառ է հանդիսացել ներգաղթյալների հետ կապված տարաձայնությունը:
Վարչապետ Թերեզա Մեյն ընդունել է նախարարի հրաժարականը: Նախկին նախարարին ճնշում էին, այսպես կոչված, Ուինդրաշի սերնդի հետ կապված խնդիրների պատճառով, որն էլ հիմք հանդիսացավ նրա հրաժարականի:
Ուինդրաշի սերունդ կոչվող ներգաղթյալները Մեծ Բրիտանիա են գաղթել դեռևս 1948 թվականին՝ Կարիբյան ավազանից՝ Էմփայր Ուինդրաշ նավով: Այստեղից էլ՝ ներգաղթյալների սերնդի անվանումը:
Այդ ժամանակներում մարդկանց Կարիբյան ծովի ավազաններից հրավիրում էին Մեծ Բրիտանիա, որպեսզի լրացնեին աշխատավոր մարդկանց պակասը: Եվ բոլորովին վերջերս պարզ դարձավ, որ 1940-ականներին Մեծ Բրիտանիա տեղափոխվածների սերունդների մի մասը ճանաչվել են անօրինական ներգաղթյալներ, որն էլ սկանդալի պատճառ դարձավ: Նախարար Ռադին մեղադրում էին, որ նրան հայտնի է եղել այդ ողջ գործընթացը:
Կիրակի օրը նախարար Էմբեր Ռադը հեռախոսազրույց է ունեցել վարչապետ Թերեզա Մեյի հետ և տեղեկացրել, որ իր վրա ճնշումներ են գործադրում ընդդիմադիր ուժերը և պահանջում, որ ինքը հրաժարական տա: Երկուշաբթի առավոտյան Մեյն ընդունել է նախարարի հրաժարականը: