Մխիթարյանը միացա՞վ «Իմ քայլը» շարժմանը, թե՞ հարգեց «Մանչեսթեր Յունայթեդին»
Հայաստանում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունները համաշխարհային մամուլի առաջին էջերում են։ Երեկ Հենրիխ Մխիթարյանը գրավեց իր նախկին թիմի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասը։ Գոլից հետո Մխիթարյանը ձեռքերը վեր բարձրացրեց։ Այդ դրվագից հետո հայկական սոցիալական կայքերում սկսեցին քննարկել այն հարցը, որ իրականում Հենրիխն իր աջակցությունն էր հայտնում ու ներկայացնում «բաց ձեռքերի» պայքարը։
Հետաքրքրական է, որ այս հարցի շուրջ քննարկումները համացանցում ծավալվեցին շատ բուռն։ Հենրիխ Մխիթարյանը դեռ բացատրություն չի տվել, թե իրականում ի՞նչ էր նշանակում այդ ժեստը, սակայն պարզից էլ պարզ է, որ Հենրիխն իր ներողամտությունն էր հայտնում «Մանչեսթերի» երկրպագուներից, քանի որ գրավեց իր նախկին թիմի դարպասը։
Այդ ամենի պատասխանը ստացավ նաև Հենրիխը, քանի որ փոխարինվելիս ամբողջ մարզադաշտը մեկ մարդու նման սկսեց ծափահարել։ «Օլդ Թրաֆորդն» այն եզակի մարզադաշտերից է, որտեղ շատ քիչ դեպքեր կարելի է հանդիպել, որ «Մանչեսթերի» երկրպագուները ծափահարում են մրցակից թիմի ֆուտբոլիստներին։
Սակայն մեկ բան հստակ պետք է հաշվի առնել․ Հենրիխն այն ֆուտբոլիստն է, ում «Մանչեսթերում» սիրում են անկախ ամեն ինչից ու փաստացի այդ սերն ու հարգանքը «դրդեց» նրան, որ Մխիթարյանը ձեռքերը վեր բարձրացրեց՝ ի նշան հարգանքի իր նախկին թիմի նկատմամբ։