Ոստիկանությունն անցել է հատուկ գործողությունների. Ֆրանսիայի հրապարակից մարդկանց բերման են ենթարկում
Այս պահին լարված իրավիճակ է Մաշտոցի պողոտայում: Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ցուցարարները շարժվում են դեպի Ֆրանսիայի հրապարակ, սակայն նրանց ընդառաջ են գնում զինված ոստիկանները՝ հատուկ զրահազգեստներով: Թե ինչ են պատրաստվում անել ոստիկանները՝ լրագրողների հարցերին չեն պատասխանում, միայն ասում են, որ աշխատում են:
Ոստիկանները բերման ենթարկեցին մի քանի քաղաքացու: Դա արդեն երրորդ խումբն է, որին բերման են ենթարկում:
«Ախր մեղք են էդ երեխեքը, ո՞ւր եք տանում»,-գոչում էր մայթին կանգնած կանացից մեկը, սակայն ոստիկանները նրան չպատասխանեցին, այլ շարունակեցին իրենց գործողությունները:
Ոստիկանները շրջափակել են Ֆրանսիայի հրապարակը և թույլ չեն տալիս ցուցարարներին շարունակել երթը:
Նիկոլ Փաշինյանը պահանջեց բացել իրենց ճանապարհը, քանի որ իրենց երթը խաղաղ է: Ոստիկանները նշեցին, որ իրենք պետք է տեղյակ լինեն, թե որ ուղղությամբ է փորձում շարժվել Փաշինյանը:
Վերջինս հայտնեց, որ շարժվում են դեպի Շրջանային, ինչից հետո ոստիկանները խնդրեցին մի քանի րոպե սպասել: Փաշինյանը կոչ արեց ժողովրդին իջեցնել ցուցանակները: