Բրազիլիայի նախկին նախագահը հանձնվել է ոստիկանությանը
Բրազիլիայի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան, ով դատապարտվել էր տասներկու տարվա ազատազրկման՝ կոռուպցիայի մեջ մեղադրվելով, հանձնվել է ոստիկանությանը:
Լուլան որոշել է հանձնվել, չնայած այն բանին, որ իր կողմնակիցները փորձում էին նրան հետ պահել այդ որոշումից: Իր որոշման մասին նա հայտնել է Սան-Պաուլոյում՝ հազարավոր կողմնակիցների առջև ելույթի ժամանակ:
Ծափողջույնների ներքո նրան է միացել նաև Դիլմա Ռուսեֆը, ով փոխարինել էր դա Սիլվային:
Կողմնակիցները շրջափակել են նախկին նախագահի մեքենան՝ փորձելով թույլ չտալ նրան հեռանալ, սակայն Լուլան հեռացել է, և, ինչպես հայտնում են տեղի լրատվամիջոցները, արդեն հանձնվել է ոստիկաններին՝ չնայած այն բանին, որ բազմիցս հայտարարել էր, որ իր դեմ բացված գործը քաղաքական նկատառումներ ունի և ինքն անմեղ է:
Ավելի վաղ նա երկու անգամ բողոքարկել է դատարանի որոշումը, սակայն երկու անգամն էլ նրա հայցը մերժվել է: