Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը կհանդիպեն Վաշինգտոնում
Վերջին շրջանում գնալով լարվում են ռուս-ամերիկյան հարաբերությունները։ Չնայած նրան, որ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը հարգում են միմյանց ու մեկը մյուսի մասին խոսում է դրական, այնուամենայնիվ երկու երկրների հարաբերությունները գնալով լարվում են։
Ինչպես լրատվամիջոցներին հաղորդում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդական Յուրի Ուշակովը, մարտի 20-ին երկու նախագահները հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ Թրամփն առաջարկել է, որ երկկողմանի հանդիպում-քննարկում տեղի ունենա Վաշինգտոնում, հաղորդում է Ria.ru-ն։
Նախագահի խորհրդականն իր խոսքում մասնավորապես նշել է․
«Եթե ամեն ինչ հարթ ընթանա, ապա հուսով եմ, որ մեր ամերիկացի գործընկերները չեն հրաժարվի միջազգային գագաթնաժողովի անցկացման հարցերը քննարկել մեզ հետ։ Երբ 2 նախագահները հեռախոսազրույց ունեցան իրար հետ, այդ ժամանակ Դոնալդ Թրամփն առաջարկեց, որ հանդիպումը տեղի ունենա հենց Սպիտակ տանը»։
Հավելենք նաև, որ Յուրի Ուշակովն ընդգծել է, որ տարվա սկզբին երկու նախագահների հանդիպման հարցը չէր քննարկվում։