«Բառադի» պարսիկներն ու «կուլտուրական» եվրոպացիները․ Որտե՞ղ են սիրում այցելել օտարերկրյա զբոսաշրջիկները
Անզեն աչքով էլ երևում է, որ վերջին ամիսներին Հայաստանում շատացել են զբոսաշրջիկները։ Եթե ժամանակին սևամորթ, ասիացի ու ռուս զբոսաշրջիկներ տեսնելը շատ բարդ էր, ապա հիմա ամեն ինչ հակառակն է։ Վերջին տարիներին Հայաստանը կամաց-կամաց դառնում է զբոսաշրջային երկիր։ Հայաստան են այցելում աշխարհի տարբեր երկրներից։ Տարիներ առաջ, երբ իրանցիները դանդաղ քայլերով սկսեցին գալ Հայաստան ու նշել իրենց տոները, Հայաստանում շատերը սկսեցին խոսել այդ ամենի բացասական կողմերի մասին։ Իսկ հիմա ամեն ինչ մի փոքր այլ է, քանի որ իրանցիների հետ մեկտեղ մեր երկիր ավելի շատ սկսել են այցելել ռուսները, չինացիներն ու եվրոպացիները։
Դա են վկայում Մարտիրոս Սարյանի անվան պուրակի նկարիչները, ովքեր նշում են, որ վերջին տարիներին Հայաստանում շատացել են եվրոպացիները, ովքեր գնահատում են արվեստն ու լավ գիտեն, որ Հայաստանում տեսարժան վայրերից զատ կան նաև արվեստի շունչ կրող վայրեր։
70-ամյա Գուրգեն պապն արդեն մեկ տասնամյակ է, որ գալիս, նստում է Հանրապետության հրապարակում, տաքանում արևի առաջին շողերի հետ ու մայրամուտի հետ մեկտեղ գնում տուն։ Շատ խոսել չի սիրում, սակայն իր աչքերով է տեսնում, թե ինչպես են շատացել զբոսաշրջիկները Հայաստանում։
«Չեմ խաբի ու կասեմ, որ 10 տարի է, որ գալիս ու նստում եմ հրապարակում։ Տարիներ առաջ, երբ սկսեցին իրանցիներ գալ, մարդիկ մի տեսակ էին նայում նրանց։ Դե ես էլ էի էդպես։ Չեմ խաբի ու կասեմ, որ էդ պարսիկները ախր շատ բառադի են։ Առաջ չէի կարողանում ընդունել, որ իմ երկրում պարսիկ կա, բայց հիմա հակառակն է։ Հիմա լավ եմ զգում, որ պարսիկներ կան, քանի որ հասկանում եմ, որ լավ երկիր ունենք։ Շատ ժամանակ էստեղ մոտս գալիս ու նստում են ռուսներ։ Իրենց հետ խոսում եմ Սովետից, հին ժամանակներից, Ռուսաստանից ու մեր 2 ժողովուրդներից։ Ամեն ինչ լավ է ու ավելի կլավանա»։
NEWSPRESS.am Culture-ը զրուցեց նաև կրտսեր սերնդի ներկայացուցչի՝ Կարինե Գևորգյանի հետ, ով ԵՊՀ ուսանող լինելուց զատ, նաև աշխատում է զբոսաշրջիկների հետ։ Մեզ հետ զրույցում նա խոսեց զբոսաշրջիկների լավ ու վատ կողմերի մասին։
«Այն, որ զբոսաշրջիկը գալիս է քո երկիր, դրսից բերում է գումար, թողնում քո երկրում, լուսանկարներում գովազդում քո երկիրն ու նորից գալու ակնկալիքով հեռանում, դա շատ լավ է, սակայն մեր հասարակությունը նոր-նոր է սկսում ընդունել շատերին։ Օրինակ` ամիսներ առաջ ես ԱՄՆ-ից ժամանած ամուսինների էի ուղեկցում, ովքեր սևամորթներ էին։ Նրանք զարմացան, թե ինչպես են իրենց նայում երեխաները։ Նրանց մտածում էին, որ Հայաստանում երեխաները համակարգչից կամ հեռուստատեսությունից չեն օգտվում ու արդյունքում սևամորթներ չեն տեսել։ Եվրոպացիներն առաջնային սիրում են տեսնել պատկերասրահները, պատմության թանգարաններն ու նոր-նոր գնալ եկեղեցիներ ու տեսարժան վայրեր, իսկ իրանցիներն ու ռուսներն ավելի շատ նախընտրում են ժամանցային վայրեր։ Այդ առումով եվրոպացիներն ավելի շատ գիտեն արվեստի մասին ու ավելի շատ գնահատում են մշակույթը, իսկ իրանցիներն ու ռուսները շտապում են հաճույքի հետևից։ Բայց հստակ կարելի է ասել, որ մեր երկիրն ակտիվանում է, ու պետք է քայլեր ձեռնարկել, որ դառնանք տարածաշրջանի ամենաակտիվ տուրիստական կենտրոնը»։
Կ․Գևորգյանն ընդգծեց նաև, որ կանխատեսումներ չի սիրում անել, սակայն վստահ է, որ այս ամռանը 2 անգամ ավելի շատ զբոսաշրջիկ կայցելի Հայաստան, քան նախորդ տարի էր։