Էտնա հրաբխի ակտիվությունը կարող է նոր վտանգ դառնալ Եվրոպայի համար
Եվրոպայի ամենաակտիվ հրաբուխը՝ Էտնան սահում է դեպի Միջերկրական ծով, տարին մոտավորապես 14 միլիմետր արագությամբ: Մի խումբ գիտնականներ Մեծ Բրիտանիայից ուշադրությամբ հետևում են այս երևույթին, քանի որ, ըստ նրանց, Էտնայի նույնիսկ այսպիսի դանդաղ շարժը կարող է ապագայում էականորեն մեծացնել վտանգը:
Նրանք հավաստիացնում են, որ դեռևս անհանգստանալու կարիք չկա, սակայն պետք է հետևել հրաբխին, որպեսզի նկատեն շարժման արագության փոփոխությունները: Այս մասին BBC-ն հայտնել է խմբի առաջատար գիտնականներից Ջոն Մյուրեյը: Այս գիտնականը հիսուն տարուց ավելի է, ինչ ուսումնասիրում է Էտնան: Վերջին շրջանում նա հրաբխի շուրջ GPS կայաններ է տեղադրել, որպեսզի անմիջականորեն հետևի հրաբխին: Հենց այդ կայանների շնորհիվ էլ հնարավոր է եղել բացահայտել հրաբխի շարժը:
Գիտնականների խումբը նշում է, որ իրենց աշխատանքը շատ կարևոր է ինչպես տեղի բնակչության, ովքեր անհանգստանում են հրաբխի ակտիվության պատճառով, այնպես էլ ողջ Եվրոպայի բնակչության համար, քանի որ կարծիք կա, որ հրաբուխը կարող է շատ արագ փոխել իր շարժման արագությունը, ինչն էլ կհանգեցնի աղետի: Կարող է նաև հակառակը լինել՝ դանդաղի հրաբխի շարժը, ինչը կնշանակի, որ անհանգստության կարիք այլևս չկա, հավելում է գիտնականը: