ՀՅԴ հարգանքով է վերաբերվում Սերժ Սարգսյանի վարչապետությանը
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը չի կարծում, որ անփոխարինելի մարդ գոյություն ունի, բայց այն, որ Սերժ Սարգսյանը հսկայական փորձառություն և մեծ դերակատարում ունի, ըստ Ռուստամյանի, երկրորդ կարծիք լինել չի կարող։
«Առնվազն 10 տարի լինել երկրի հետ կապված բոլոր խնդիրների գլխավերևում ու մեծ դերակատարում ունենալ բոլոր հարցերի լուծման գործում, շատ մեծ փորձառություն է համարվում։ Ես դրական եմ համարում այն, որ Սերժ Սարգսյանը գտնում է, որ իր ձեռք բերած այդ փորձը պետք է փոխանցվի հաջորդ սերունդներին և դա իսկապես անհրաժեշտություն է»,- լրագրողների հետ զրույցում նշել է Ռուստամյանը։
Նա չի կարծում, թե մեկ ուրիշի դեպքում խնդիրներ չեն լինի։ Ըստ նրա՝ անկախ վարչապետի ունեցած գիտելիքներից ու հայացքներից՝ նա ևս խնդիրների առաջ է կանգնելու, և փորձն այս հարցում մեծ նշանակություն ունի։
«Էլի եմ ասել՝ տեղի ունեցող այս փոփոխություններն առանց Սերժ Սարգսյանի համաձայնության չէին կարող լինել։ Եթե նա չցանկանար, այս փոփոխությունները տեղի չէին ունենա․ նկատի ունեմ նաև այն միաձնյա կառավարումը, որն այսօր գոյություն ունի»,-ասել է Արմեն Ռուստամյանը՝ հավելելով, որ Դաշնակցությունն ընդունում է թե՛ նրա անձը, թե՛ կառավարման եղանակը։
«Եթե վարչապետության իրավունքը վերապահված է Սերժ Սարգսյանին, մենք դրան հարգանքով կվերաբերվենք»։