Գառնին փորձում է ձորից դուրս նետել անկոչ «շինարարին»
Վաղը Կոտայքի մարզի Գառնի համայնքում «Քարերի սիմֆոնիայի» հարակից տարածքում շինության առնչությամբ տեղի են ունենալու վարչական լսումներ։
Հիշեցնենք, որ 2017 թվականի օգոստոսի 18-ի N274 –Ն հրամանով հաստատվել են ՀՀ Կոտայքի մարզի 2 բնության հուշարձան՝ «Բազալտե երգեհոն» սյունաձև բազալտներ» և «Անանուն քարայր» սյունաձև բազալտներում» բնության երկրաբանական հուշարձանների անձնագրերը:
Օրերս Գառնի համայնքի բնակչուհի Ծովինար Համբարձումյանը «Բազալտե երգեհոն» սյունաձև բազալտների» կամ ինչպես ասում են «Քարերի սիմֆոնիայի» հարևանությամբ նախաձեռնել էր զվարճանքի կենտրոնի շինարարությունը, որը կանխվեց, սակայն հարցը դեռևս լուծված չէ։
Նշվում էր, որ Ծովինար Համբարձումյանն օգտագործել է իրեն պատկանող գյուղատնտեսական տարածքը, սակայն շինարարության ընթացքը նկարահանելիս պարզ երևում է, որ այդ տարածքը գյուղատնտեսական տարածք լինել չի կարող՝ քարքարոտ, հողոտ տարածք է, որտեղ, բացի ալպինիզմից, դժվար է այլ գործունեություն ծավալել։
Հիշեցնենք, որ Ծովինար Համբարձումյանը Գառնիի բնակիչ Շմավոն Համբարձումյանի դուստրն է, ով Գառնիի ձոր իջնելու համար տարիներ շարունակ ապօրինի գումարներ էր գանձում, և ոստիկանությունը տարիներ շարունակ պայքարում էր նրա դեմ, սակայն ապարդյուն։
Համբարձումյաններն արգելապատնեշ էին դրել ձորի մուտքի մոտ և ձոր իջնող քաղաքացիներից 2 հազար դրամ էին գանձում։