Ծանր հրետանին անցել է գործի. Շուշան Պետրոսյանը բանակի համար 4 միլիոն է հավաքում
Ազգն իմ փառապանծ բանակի համար օգտագործված անվադողերի, վիրավոր զինվորի դրամահավաքից, լվացքի մեքենաներ գնելու գումար հավաքելուց հետո, մի նոր ակցիա է սկսել: Այս անգամ ակցիան կազմակերպում է բանակի թիկունքին կանգնած ծանր հրետանի, պատգամավոր Շուշան Պետրոսյանը: Պարզվում է՝ հիմա էլ դրամահավաքությամբ պետք է հասարակությունը 20 հազար տուֆի աղյուս գնի:
Շուշան Պետրոսյանը, մասնավորապես, գրել է, որ ՊՆ և ԳՇ համապատասխան մասնագետներից ճշտել է, որ ներկա պահին փորձարկում են անցնում տարբեր պոլիմերային նյութեր, որոնք կոչված են ամրացնել խրամատների պատերը և կանխարգելել «հողի իջնելը» և իրեն հայտնի է դարձել, որ որպես անհապաղ լուծում՝ կարելի է կիրառել հասարակ տուֆից կառուցվող պատերը:
Շուշան Պետրոսյանը տեխնիկական նրբությունները քննարկել է հրամկազմի հետ և համատեղ եզրակացրել են, որ 20 հազար տուֆի աղյուսներ ապահովելով հնարավոր կլինի միջանկյալ լուծում տալ խնդրին: Տրանսպորտը և այլ վերադիր ծախսերը ներառյալ՝ մեկ աղյուսի արժեքը կկազմի 200 դրամ: Այսինքն` անհրաժեշտ է 4 միլիոն դրամ:
Համազգային խայտառակության այս դրսևորումը կարծես դիտավորյալ արված քայլ լինի մեր հասարակության այն տեսակի զանգվածի դեմ, ովքեր պատկերացնում են, թե բանակի լվացքի մեքենան կամ աղյուսե պատը պետք է պետությունն անի, իսկ իրենցից էլ հասնում է իրենց որդիներին բաց սրտով ուղարկել սահման, ուր վտանգավորը միայն թշնամին է:
Փաստորեն հասկանալի է դառնում, որ բանակում զինվորի թշնամին ոչ միայն սարերից այն կողմ գտնվող երկրում է, նաև իր սեփական հողում է, իր կողքին, իր վերադասը: Չէ՞ որ պետության համար թշնամի է այն չինովնիկը, այն գեներալը, ով զինվորի ծնողների վճարած հարկը լափում է, իսկ զինվորի ապահովության մինիմալ խնդիրները լուծելու համար այդ ծնողից կրկին փող ուզում:
Դրամահավաքության այս ընդհանուր մթնոլորտը թուլացնում է բանակի հանդեպ հարգանքը, սա իր մեջ վստահության անկման խնդիր է պարունակում. ինչպե՞ս, ի՞նչ սրտով ծնողն իր երեխային ուղարկի բանակ, եթե գիտի, որ այդ բանակի համար լվացքի մեքենան դրամահավաքությամբ են գնում, բուժման գումարը՝ նույն ճանապարհով, հիմա էլ՝ աղյուս և, ո՞վ գիտե, հաջորդը հացն ու հագուստը չեն լինելու:
Ի միջի այլոց, ի՞նչ եղան զինվորների համար կարվող բրենդային կոշիկները, որոնց ամբողջ մասը պետք է պատրաստվեր կաշվից, բարելավվեր ներդիրները («պոդստելկաները»), տակացուները: