Ռոբերտ Լևանդովսկին՝ Մադրիդի «Ռեալո՞ւմ»
Մադրիդի «Ռեալում» տրանսֆերների հարցը մնում է ամենաքննարկվողներից: «Ռեալն» այս պահին ունի մի շարք ֆուտբոլիստների կարիք, սակայն գլխավոր դերում հարձակվողի խնդիրն է: Բենզեմային չենք անդրադառնա, քանի որ նրան անդրադարձել է անգամ Զիդանը: Ռոնալդուն ինքն արդեն խոստովանել է, որ առաջվանը չէ:
Բեյլի հարցն էլ դեռ մշուշում է, քանի որ ուելսցին ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: Մի քանի անուններ են շրջանառվում, որ ամռանը կհամալրեն «Ռեալի» կազմը: Ամենաաղմկոտ անուններից մեկը Նեյմարի անունն է, ով շարունակում է հերքել այդ լուրերը, սակայն թեժ խոսակցությունները դեռ շարունակվում են:
Էդեն Ազարը նույնպես հերքում է, որ կտեղափոխվի «Ռեալ», սակայն իսպանական ու անգլիական սպորտային մամուլը գրեթե ամեն օր խոսում են այդ տեղափոխության մասին: Շրջանառվում է Հարի Քեյնի անունը, Խամես Ռոդրիգեսի վերադարձի մասին լուրերը:
Գերմանական ու իսպանական սպորտային պարբերականները գրում են, որ «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ինքն է ցանկանում իր կարիերան շարունակել «Ռեալում»: Լեհ ֆուտբոլիստը 29 տարեկան է, սակայն շարունակում է մնալ ամենաարդյունավետ հարձակվողներից մեկն աշխարհում:
Պարբերականները նշում են, որ ֆուտբոլիստը հույս ունի, որ կխաղա «Ռեալի» կազմում: Այն, որ Լևանդովսկին արդյունավետ հարձակվող է, դրանում խոսք չկա, բայց մի բան պետք է հաշվի առնել, որ վերջին տարիներին «Ռեալի» ղեկավարությունը մի փոքր փոխել է իր տրանսֆերային քաղաքականությունը ու շատ հնարավոր է, որ Լևանդովսկու տարիքը հաշվի առնելով նրան չգնեն: