«Հուսիկ Արայի բանաստեղծությունները հավանում ենք, բայց երբ վիրավորում ենք՝ խափանում ենք հնարավոր առաջընթացները»
Պոեզիայի առաջին հատկությունն անկեղծությունն է, և առավել գերադասելի ու օգտակար է անկեղծ կարծիքներ լսելը: Այդ մասին այսօր ասաց Հովհաննես Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի տնօրեն, բեմադրիչ Ռուբեն Բաբայանն «Ազատ արտահայտվելու իրավունք. որո՞նք են սահմանները» թեմայով քննարկման ժամանակ։
Նա ճիշտ չի համարում արվեստագետին ու պոետին դատել հասարակության կողմից ընդունված «օրենքներով», քանի որ ամեն մարդ կարող է երևույթը գնահատել միայն իր տեսանկյունից։
«Պոետին, արվեստագետին պետք է աճեցնել այն օրենքներով, որն ինքն է իր վրա սահմանում»,-նշեց Ռուբեն Բաբայանը։
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանն էլ նկատեց, որ երբ որևէ տեղ հարաբերական ճահճային անդորրն ինչ-որ մեկը ցանկանում է ակամա կամ նպատակային կերպով խաթարել՝ բոլորը խառնվում են իրար։
Անդրադառնալով Հուսիկ Արայի բանաստեղծությունների առնչությամբ վերջերս կատարված քննադատությանը, Լևոն Բարսեղյանը նկատեց, որ բանաստեղծի գործերը շատերին են դուր գալիս։
«Հազարավոր մարդիկ հավանում են Հուսիկ Արայի ստեղծագործությունները, բայց երբ առերես վիրավորում ենք մարդուն՝ այսինչ միտքն այսպես արտահայտելու համար, մենք խափանում ենք բոլոր հնարավոր առաջընթացները․․․ Ազատ արտահայտման խնդիրն անհամեմատ կարևորվում է, որովհետև մեր հիմնարար իրավունքների ճնշող մեծամասնության իրացման համար մենք կարիք ունենք, նախ և առաջ, ազատ արտահայտվելու»,- նշեց Լևոն Բարսեղյանը։