Ի՞նչ է գրված Միսաք Մեծարենցի մատանու վրա և որտե՞ղ է այն պահվում (լուսանկարներ)
Այսօր արևմտահայ բանաստեղծ Միսաք Մեծարենցի ծննդյան օրն է։ Մեծարենցն ապրել է ընդամենը 22 տարի, սակայն նրա թողած գրական ժառանգությունն իր ուրույն տեղն ունի հայ գրականության մեջ։ Արևմտյան Հայաստանի Բինկա գյուղում ծնված ու ապրած հեղինակի սերունդները հիմա ցրված են աշխարհով մեկ։ Դժվար է ասել, թե նրանցից ով որ երկրում է ապրում, ով է ճանաչում Միսաք Մեծարենցին, ով գիտի, թե ինչպիսի հանճարեղ մարդու արյունակիցն է նա։
Սակայն այս ամենի հետ մեկտեղ պետք է նաև նշել, որ հաճախ Հայաստան են փոխանցվում Մեծարենցի ձեռագրերը, լուսանկարները, նամակները, որոնք մեր երկիր են ուղարկում գրողի եղբոր ժառանգները, կամ Մեծարենցի հետ արյունակցական կապ ունեցող մարդիկ։
Քչերին է հայտնի, որ Եղիշե Չարենցի անվան գրականության ու արվեստի թանգարանում պահպանվում են Մեծարենցի ձեռագրերը, բացառիկ լուսանկարներ ու անգամ գրողի մատանին, որն իրեն նվիրել է իր մայրը։ Այդ մատանին Մեծարենցից պահպանված միակ առարկայական մասունքն է։
NEWSPRESS.am-ի հետ զրույցում գրականության ու արվեստի թանգարանի գրական հուշային բաժնի ենթաբաժնի աշխատակից Մելանյա Եղիազարյանը նշեց, որ Մեծարենցի արխիվային ֆոնդում շատ քիչ նյութեր կան, բայց դրա հետ մեկտեղ սա մեծ հաջողություն է, որ ունենք արխիվային այս սակավ նյութերը։
«1895 թվականին այս մատանին թանգարանին ԱՄՆ-ից ուղարկել է գրողի եղբոր դուստրը՝ Արշալույս Մեծատուրյանը, ով մատանին ուղարկել է Վահան Ղազարյանի միջոցով։ Այդ մատանին Մեծարենցին նվիրել է իր մայրը, և գրողը կենդանության օրոք կրել է այդ մատանին։ Ոսկյա մատանին բաղկացած է ագաթ քարից, որի վրա գրված է «Կատարեալ սէր մերժէ զերկիիղ»։ Այդ գրությունը վերցված է Աստվածաշնչի «Երգ երգոց» գրքից»։
Մ․ Եղիազարյանն ընդգծեց, որ մայրն այդ մատանին տվել է իր որդուն, իբրև պաշտպանություն չար ուժերից։ Նա նշեց նաև, որ անցյալ տարի թանգարանը ստացավ Մեծարենցի ամենահայտնի գործերից մեկի՝ «Տո՜ւր ինծի, Տէ՜ր» բանաստեղծության ձեռագիրը։
«Գերագույն երջանկություն էր մեզ համար, երբ ստացանք այս բանաստեղծության ձեռագիրը։ Ձեռագիրը մեզ ուղարկել էին արտերկրից։ Մեծարենցի ժառանգները ցրված են, և Աստված գիտի, թե ի՞նչ հեքիաթային ճանապարհով է այս ամենը հասնում մեզ։ Նրա ժառանգներից ոմանք Բինկյանից գնացել են Պոլիս, Պոլիսից՝ ԱՄՆ, իսկ հետո այս ձեռագրերն ու լուսանկարներն ԱՄՆ-ից հասնում են Հայաստան»։
Թանգարանի աշխատակիցները հույս ունեն, որ քանի դեռ կենդանի են Մեծարենցի ժառանգներն ու արյունակիցները, ապա կհայտնաբերվեն ու Հայաստան կուղարկվեն հանճարեղ գրողից պահպանված ձեռագրեր, մասունքներ ու լուսանկարներ։