Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է․ Ալեն Սիմոնյանն ուրախ է, որ Հայաստանին ու Ադրբեջանին հաջողվել է ֆիքսել սահմանը
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահեցնում է, որ հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է։ Այս մասին նա հայտարարեց լրագրողների հետ զրույցում։
«Երբ դու այդ գծի վրա հավանական հարձակվողի կողմից հարցեր ու սակարկումներ չես ունենում, ֆիքսում ես ու ասում՝ այստեղ դու ես, այստեղ՝ ես, անցնում ես առաջ։ Սա էլ ավելի պաշտպանված է դառնում»,- մանրամասնեց Սիմոնյանը։
Նա շատ ուրախ է, որ վերջապես Հայաստանին ու Ադրբեջանին հաջողվել է ֆիքսել սահմանը։
«Սահմանը ֆիքսվում է ոչ միայն հայկական կողմի համար, այլև՝ ադրբեջանական կողմի համար»,- ասաց նա։
Սիմոնյանը փորձում է համոզել, որ ՀՀ սահմանից որևէ միլիմետր քննարկման ենթակա չէ։
«Ով ինտերնետ մուտք ունի՝ որոշում է, որ ասի՝ հանձնում են։ Որ գնաս ու վզից բռնես, ասես՝ արի, հասկանանք՝ այդ ի՞նչն են հանձնում, հլը մատով ցույց տուր, սկսում է հեքիաթներ պատմել։ ՀՀ տարածքից որևիցե մեկը որևէ բան չի հանձնում, որտեղ մենք ենք առաջ՝ մենք ենք հետ քաշվում, որտեղ Ադրբեջանն է առաջ՝ Ադրբեջանն է հետ քաշվում»,- նշեց նա։