Ամերիկյան լրատվամիջոցները նշում են, որ ԱՄՆ-ը չի մասնակցել Իրանի վրա Իսրայելի հարձակմանը
ԱՄՆ-ը տեղյակ է եղել Իրանին սպասվող Իսրայելի հարվածի մասին, սակայն չի մասնակցել դրա իրականացմանը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ NBC ամերիկյան հեռուստաալիքին հղումով։
Ապրիլի 19-ին հայտնի դարձավ, որ Իրանում գտնվող օբյեկտը ենթարկվել է Իսրայելի հրթիռային հարձակման։ Հարձակումը տեղի է ունեցել մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ Իրանի իշխանությունները ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին ուղղված ուղերձում ասել են, որ Իսլամական Հանրապետությունը չի ցանկանում սրել հակամարտությունն Իսրայելի հետ, սակայն եթե հրեական պետությունը ագրեսիա դրսևորի, այն կստանա հզոր պատասխան։
Իրանական Fars գործակալության փոխանցմամբ՝ պայթյունը տեղի է ունեցել Իրանի Սպահան նահանգի Քեհջավարիստան քաղաքում, որը գտնվում է Սպահանի օդանավակայանի և երկրի բանակի 8-րդ ռազմաօդային բազայի մոտ։