Սկզբունքային պետական ծառայող են՝ ոչ թե իմ կամ Ձեր ճաշակով. Գրիգոր Մինասյանը՝ Անդրանիկ Քոչարյանին
ՔԿԾ-ի ղեկավարի՝ Ամբակում Գրիգորյանի նշանակումը խիստ մտահոգել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին։ Նրա կարծիքով` Գրիգորյանն այն կադրը չէ, որը կարող է համալրել համակարգը։ Քոչարյանի համոզմամբ՝ չի կարող համակարգում գտնվել մի մարդ, ով նախկինում ինչ-որ պաշտոնից ազատված է եղել։
Անդրադառնալով նրա մտահոգություններին՝ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը նկատեց, որ հնարավոր չէ գտնել զինվորական ծառայություն անցած մեկին, այսինքն՝ փորձառու մարդ, որը չի աշխատել համակարգերում մինչև 2018թ.-ը։
«Այսինքն՝ անփորձ մարդ, նորավարտ ուսանող կարող ես գտնել, բայց եթե աշխատել է, ուրեմն՝ աշխատել է մինչև 2018-ը։ Բայց կարող եմ Ձեզ վստահեցնել, որ նրանք շատ անկաշառ, սկզբունքային պետական ծառայող են, և մենք կարող ենք դա արձանագրել ոչ թե իմ ճաշակով կամ Ձեր ճաշակով, այլ կատարած աշխատանքով։ Կխնդրեմ Ձեզ՝ ուղղակի տանք ժամանակ և թև ու թիկունք կանգնենք բարդ գործում, որ իրար հետ կարողանանք վայելել արդյունքը»,- ասաց նախարարը՝ նշելով, որ եթե միայն քննադատեն, ապա թիմը, որը, ըստ նախարարի, լավ թիմ է, չի կարող արդյունավետ աշխատել։