Եթե էլի նման դեպք լինի՝ էլի մեր մարդկային քայլ ենք անելու․ Փաշինյանը՝ ադրբեջանցի գերուն ոչ մի բանի դիմաց վերադարձնելու մասին (տեսանյութ)
«Շատ վաղուցվանից Հայաստանի ու Ադրբեջանի միջև գոյություն է ունեցել և գոյություն ունի մի պայմանավորվածություն, ըստ որի, այն զինվորները, որոնք մոլորվելով հայտնվում են հակառակ կողմում, կարճ ժամանակ անց վերադարձվում են»։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ ադրբեջանցի զինվորին հետ տվեցինք ոչ մի գերու դիմաց։
Նա նշեց, որ պայմանավորվածությունը մի X պահից խախտվել է։
Նրա խոսքով` հարուցվել է քրեական գործ, իրականացվել է քննություն, դրա արդյունքում է պարզվել, անձը դիտավորյա՞լ է անցել սահմանը, թե՞ շփոթությամբ։
«Վերջին շրջանի քննարկումներում, մենք Ադրբեջանի նախագահի հետ վերահաստատել ենք փոխադարձաբար, որ եթե շփոթվելու դեպք լինի, քննության արդյունքներով պետք է պարզվի` արդյոք անձը անցել է դիտավորյալ, թե շփոթության արդյունքում»,- ասաց նա։
Փաշինյանն ընդգծեց, որ չգիտի, թե հաջորդ զինվորը որ կողմից կլինի։
«Եթե էլի նման դեպք լինի, ես էլի եմ ասում, որ հավատարիմ ենք մնալու բարձրագույն մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությանը»,-ասաց Փաշինյանը։
Ինչ վերաբերում է մեր կողմից զինվորների մոլորվելու հնարավոր դեպքերին, ապա Փաշինյանը հույս հայտնեց, որ մեր զինվորները չեն մոլորվի։
«Իսկ եթե Աստված չանի մեր զինվորները շփոթվեն, սահմանն անցնեն, ես այդ հարցին կկարողանամ պատասխանել այդ դեպքի համատեքստում։ Բայց սա արվել է այդ նպատակով ու այդ իրողությունից ելնելով»,- ասաց Փաշինյանը։