Վարշավայում անկարգությունների պատճառ են դարձել խուլիգանները. Դոնալդ Տուսկ
Վարշավայում անկարգությունների պատճառ են դարձել ոչ թե բողոքող ֆերմերները, այլ խուլիգանները, Բուխարեստ թռչելուց առաջ լրագրողներին ասել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։
Չորեքշաբթի ֆերմերների փողոցային բողոքի ցույցի ժամանակ ցուցարարներն անսովոր ագրեսիվ են եղել: Վարչապետի շենքի մոտ ցուցարարները բախումներ են հրահրել ոստիկանների հետ, հրկիզել անվադողեր ու այրվող առարկաներ շպրտել դեպի շենք։
Խորհրդարանի շենքի մոտ ապամոնտաժել են սալաքարային մայթն ու քարեր նետել ոստիկանների ուղղությամբ, մի քանի ոստիկան վիրավորվել է:
Փետրվարի սկզբից Լեհաստանում ֆերմերների բողոքի ակցիաներ են ընթանում։ Ցուցարարների հիմնական պահանջներն են՝ դադարեցնել Ուկրաինայից գյուղատնտեսական ապրանքների ներմուծումը Լեհաստան և հրաժարվել Եվրամիության բնապահպանական ծրագրերից, որը նախատեսում է մինչև 2050 թվականը մթնոլորտ արտանետումների զրոյականացում։