Փարաջանովի 100-ամյակի առթիվ Ֆրանսիայում կցուցադրվի «Նռան գույնը» պարային բեմադրությունը
Հայազգի կինոբեմադրիչ, սցենարիստ և արվեստագետ Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100–ամյակի կապակցությամբ հայ–ֆրանսիական նախագիծ կիրականացվի, որի շրջանակում ֆրանսիական մի շարք թատրոններում կներկայացվի «Նռան գույնը» պարային բեմադրությունը։ Այս մասին տեղեկացրեց դրամատուրգիական կոնցեպտի հեղինակ Սաթէ Խաչատրյանը ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքով` ներկայացման առաջնախաղը կկայանա 2024 թվականի հունվարի 18, 19 – ին Դեսինի «Տոբոգան» թատրոնում, հունվարի 26-ին` Մոն դը Մարսանի «Գասկոն» թատրոնում։
«2024 թվականի մարտի 15-ին և 16-ին բեմադրությունը կցուցադրվի Երևանում։ Հնարավոր է` ներկայացումներով հանդես գանք նաև Վրաստանում»,–ասաց Խաչատրյանը։
Ներկայացման նախապատրաստական աշխատանքները սկսվել են դեռևս 2022 թվականի հուլիսից Ֆրանսիայում։
Նախագծի առաջին փուլին մասնակցելու համար Ֆրանսիայից Հայաստան են ժամանել ներկայացման խորեոգրաֆ Մուրադ Մերզուկին, բեմանկարիչ Բենժաման Լըբրըտոնը։
Հայաստանում ստեղծագործական թիմին է միացել «Հող» խումբը, որին վստահված է պարային ներկայացման երաժշտական ստեղծագործությունը, ինչպես նաև Էդգար Մանուկյանը, որը լինելու է ներկայացման հագուստների ձևավորման հեղինակը։ Մուրադ Մերզուկին ընտրել է երկու հայ պարողի, որոնք կմեկնեն Ֆրանսիա՝ ներկայացման բեմադրական աշխատանքներին մասնակցելու։
Նախագծի երկրորդ ստեղծագործական փուլը կկայանա հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 4-ը Ֆրանսիայի Բրոն քաղաքի «Պոլ-Պիկ» մշակութային կենտրոնում, հայ և ֆրանսիացի արտիստների մասնակցությամբ։