Խնուսահայերի ինքնապաշտպանության մասին պատմական վեպը հրատարակվել է թուրքերենով. Ստամբուլում տեղի է ունեցել Սամվել Մհերյանի գրքի շնորհանդեսը
Ստամբուլի Կենտրոնական Սանոց Միությունում տեղի է ունեցել հայազգի գրող Սամվել Մհերյանի «Մենավոր Բազեն» պատմավեպի թուրքերեն թարգմանության (Samvel Mheryan «Yalniz Sahin», Fam Yayinlari, Istanbul 2018, 2020) շնորհանդեսը։
Այն բացվել է ուսանողական կենտրոնական միության նախագահ Գևորգ Սիմքեշյանի ողջույնի խոսքով։ Այնուհետև Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» թերթի հայալեզու էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանը խոսել է գրքի պատմագեղարվեստական արժեքի և հայրենասիրության կարևոր դերի մասին:
Շնորհանդեսն ավարտվել է գրքի հեղինակ, «Խնուս» մշակութային հիմնադրամի տնօրեն Սամվել Մհերյանի շնորհակալական խոսքով:
Սամվել Մհերյանի «Միայնակ բազեն» պատմավեպը 19-րդ դարի վերջի - 20-րդ դարի սկզբի պատմական ժամանակաշրջանում Խնուս գավառում տեղի ունեցած իրադարձությունների գեղարվեստական նկարագրությունն է։ Վեպում առանձնահատուկ տեղ է հատկացված Խնուսի բնակիչների հերոսական ինքնապաշտպանությանը և թուրքերի կողմից նրանց ջարդին։
Գրքի 120 կերպարներից մոտ 80-ը իրական պատմական դեմքեր են: Նրանցից մի քանիսի ժառանգները հետագայում միավորվել են և հիմնել «Խնուս» մշակութային հիմնադրամը, որը գործում է որպես հայրենակցական միություն։
Դա տեղի է ունեցել 2005 թվականի փետրվարի 25-ին և նվիրված էր լեգենդար զորավար Անդրանիկ Օզանյանի ծննդյան 140-ամյակին։
ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնության համակարգող Էդգար Հովհաննիսյանը, գրքի հրատարակչության առիթով, շնորհավորել է Սամվել Մհերյանին:
Նա մասնավորապես գրել է.
«Հպարտանում և շնորհավորում եմ մանկության ընկերոջս` Սամվել Մհերյանին Հայոց ցեղասպանության մասին` «Մենավոր Բազեն» պատմավեպը Թուրքիայում, թուրքերեն թարգմանությամբ հրատարակելու կապակցությամբ։
Հարկ եմ համարում արձանագրել, որ Սամվել Մհերյանը կարողացավ` Հայոց ցեղասպանությունը ժխտող Թուրքիայում, հերթական անգամ բարձրաձայնել` Հայոց ցեղասպանության մասին հայ ազգի դիրքորոշումը, այս ծանր աշխարհաքաղաքական պայմաններում»։