Մանվել Գրիգորյանի համար պաշտպանը միջնորդել է 5 մլն դրամի չափով գրավ. նա կարող է մահանալ
ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի վիճակը վատացել է:
Այդ մասին դատական նիստի ժամանակ հայտարարեց նրա պաշտպան Լևոն Բաղդասարյանը: Նա հերթական անգամ միջնորդեց դատարանին՝ Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինել գրավով՝ որպես գրավի չափ պաշտպանն առաջարկելով մինչև 5 մլն դրամ:
Գրիգորյանի նկատմամբ, 4 ամիս շարունակ, միջգերատեսչական փորձաքննություն է ընթացել: Միջգերատեսչական հանձնաժողովի անդամ, Ֆրանսիայից ժամանած հայտնի ուռուցքաբան Նորբերտ Ավետյանը եզրակացություն է տվել, և արձանագրել, որ այն տարածքը, որտեղ գտնվում է հիվանդը, խանգարում է նրան քայլել, ինչն ազդում է նրա մկանային աշխատանքի վրա, և նրա մոտ առկա հիվանդնությունները կարող են խորանալ և հանգեցնել անկանխատեսելի հետևանքների, անգամ՝ մահվան։
Արձանագրության մեջ նաև նշված է, որ կալանավայրը խոչընդոտում է նրա բուժմանը: