Բաղրամյան 26-ում պայթեցին Սահմանադրությունը խախտած ղեկավարների պատկերներով փուչիկներ (տեսանյութ)
«Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի նախաձեռնությամբ իրականացվել է Սահմանադրության օրվան նվիրված ակցիա․ քայլերթ՝ դեպի Բաղրամյան 26։ Ակցիայի մասնակիցները վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Արմեն Սարգսյանի, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ու մի շարք այլ պաշտոնյաների պատկերներով փուչիկներ ունեին, ովքեր խախտել են Սահմանադրությունը։ Նրանց նպատակն էր քայլերթով շարժվել Բաղրամյան, որտեղ կպայթեցնեն այդ փուչիկները։
Մասնակիցներն ունեին նաև «Պահպանեք Սահմանադրությունը» (#Save_Constitution) գրությամբ պաստառներ։
Ինչպես Նարեկ Սամսոնյանը նկատեց, խորհրդանշական ակցիայի նպատակն է ՀՀ քաղաքացիների ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, որի հիմնական գործառույթը ՀՀ Սահմանադրության պահպանմանը հետևելն է, ոչ միայն աչք է փակում տարբեր պաշտոնյաների կողմից Սահմանադրության խախտման դեպքերի վրա, այլ նաև անձամբ խախտում է Սահմանադրությունը։ Ուստի՝ Սահմանադրությունն ունի ՀՀ քաղաքացիների պաշտպանության կարիքը։
Բողոքի ակցիայի մասնակիցները փուչիկները պայթեցնելուց հետո քաղաքացիներին նվիրեցին ՀՀ Սահմանադրության օրինակներ։