«Առավոտ շուտ ի՞նչ եք խմել, որ սենց իրար դեմ տրամադրված եկել եք». Միրզոյանը՝ պատգամավորներին (տեսանյութ)
«Նման տեսքով նախագծի ընդունումն անթույլատրելի եմ համարում»։ Այսօր՝ հունիսի 18-ին ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց Պետաիրավական հանձնաժողովի փոխնախագահ Աննա Կարապետյանը՝ անդրադառնալով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է ՏՄՊՊՀ կազմի 3 անդամների թեկնածուներ առաջադրելու իրավունքը վերապահել ընդդիմադիր խմբակցություններին:
«Խորհրդարանական վերահսկողությունը հարկ է դիտարկել օրենսդիր մարմնի միասնական տրամաբանության մեջ և չտարանջատել կառավարող և ընդդիմադիր խմբակցություններին՝ զրկելով մեկին կամ մյուսին մասնակից լինելու ինքնավար մարմինների կազմավորման գործընթացին»,- ասաց նա:
Արձագանքելով նրա դիտարկմանը՝ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նկատեց, որ հարակից զեկուցողն իրավունք չունի թույլատրելի կամ անթույլատրելի համարել նախագծի ներկայացումը:
«Կարծում եմ՝ հարակից զեկուցողը դեռ ոչ մի նախաձեռնությամբ հանդես չի եկել, հետևաբար 10 նախաձեռնությամբ հանդես եկող պատգամավորին չի կարելի արգելել նախաձեռնությամբ հանդես գալ կամ որակել նախագիծը»,-ասաց Բագրատյանը:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կոչ արեց բոլորին պահպանել համերաշխության մթնոլորտը. «Առավոտ շուտ ի՞նչ եք խմել, որ սենց իրար դեմ տրամադրված եկել եք»,-ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում