Սերգեյ Լավրովը մանրամասներ է պատմել 2014 թվականին իր և Ջոն Քերիի զրույցներից
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հարցազրույցներից մեկում պատմել է, որ դեռևս 2014 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին իր հետ զրույցում ասել է, որ ինքը հասկանում է, որ Ղրիմի միացումը Ռուսաստանի ղրիմցիների որոշումն է, սակայն հավելել է, որ կարծում է` այդ հարցով ևս մեկ հանրաքվե անցկացնելու կարիք կա: Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից:
Լավրովն այն ժամանակ Քերիին պատասխանել է, որ եթե պարզ է, որ դա Ղրիմի բնակիչների ընտրությունն է, ապա ինչ կարիք կա կրկին հանրաքվե անցկացնելու:
Խոսելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիի հնարավոր հանդիպման մասին էլ, Լավրովն ասել է, որ դեռ Ռուսաստանի համար պարզ չէ, թե ինչ ուղղություն է ընտրել Զելենսկին այս հարցի հետ կապված և հավելել, որ Ռուսաստանի համար կարևոր է, որպեսզի նախկինում Կիևի տված խոստումները որևէ կերպ իրականություն դառնան: