Առեղծվածային միլիոնատերը՝ նոր Հայաստանի «չքայլած» կադր
Հեղափոխությունից հետո ամենուր հնչում էին բարձրագոչ հայտարարություններ, որ գնացքն այլևս գնացել է այն պաշտոնյաների համար, ովքեր իրենց ողջ կյանքում, լինելով պետական ծառայողներ, դիզել են միլիոններ:
Թավշյա հեղափոխությունը եկավ մերժելու այն արատավոր երևույթը, երբ ընդամենը մի քանի տարում պետական ծառայողը դառնում էր միլիոնատեր:
Մերժեց, բայց ի տաբերություն Սերժ Սարգսյանի մերժման, այս մերժումը միայն խոսքով էր:
Պարզվում է՝ նոր Հայաստանում էլ կան այնպիսի պաշտոնյաներ, որոնք թեև պնդում են, որ իրենց ողջ կյանքը նվիրել են պետական ապարատում աշխատանքին, իսկ դա նշանակում է աշխատավարձով ապրուստ, սակայն միլիոնատեր են:
Ահավասիկ՝ Պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ՝ ընդամենը 28 տարեկան Արտաշես Քյարամյանը:
Սույն երիտասարդն այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում «մուննաթ եկավ» իրեն նեղը գցած լրագրողների վրա: Ակնհայտ է՝ անհարմար վիճակում էր, երբ հարցնում էին, թե ինչպես է այդքան ունեցվածք դիզել:
Նայելով երիտասարդի տարիքին՝ տպավորություն է ստեղծվում, որ եթե նա 28 տարեկանում արդեն պետական պաշտոն զբաղեցնելով՝ դիզել է 32 մլն դրամ և 46 հազար դոլար, ուրեմն օրորոցից է զբաղվել պետական ծառայությամբ. ակնհայտ է, չէ՞, որ այստեղ երկու կարծիք լինել չի կարող:
«Ես զբաղեցրել եմ տարբեր պաշտոններ, աշխատել եմ տարբեր ուժային կառույցներում, պաշտոնապես հայտարարում եմ, որ երբևէ որևէ կոռուպցիոն, սկանդալային և կլանային համակարգերում չեմ եղել, ոչ էլ բիզնեսով եմ զբաղվել: Ես կոռեկտ չեմ համարում իմ ունեցվածքն այս համատեքստում քննարկել: Ես չեմ փորձում պարզաբանել, ինչը ասացի, բավարար էր: Ես հաշվետու չեմ»,-հայտարարեց Քյարամյանը ու շտապեց հեռանալ կառավարության շենքից:
Ու սույն երիտասարդը հավակնում է դառնալ Դավիթ Սանասարյանի հաջորդող պաշտոնյան ՊՎԾ պետի պաշտոնում: Ստացվում է՝ դեռ իշխանությունը նրա փողերի ծագումնաբանությունը չուսումնասիրած՝ նրան է վստահելու այլոց փողերի ծագումնաբանությունն ուսումնասիրելու կարևոր գործը, ինչը Դավիթ Սանասարյանը պարազապես տապալեց:
Դավիթ Սանասարյանը Փաշինյանի հետ ակտիվ քայլած երիտասարդներից մեկը լինելով, քայլքի դիմաց ձեռք գցեց ՊՎԾ պետի պաշտոնը, հետարքրքիր է՝ Արտաշես Քյարամյանի՞ն այն ինչի հաշվին է բաժին հասնելու: Քանի որ այսօր Քյարամյանը հրաժարվեց հիմնավորել, թե ինչպես է այդքան երիտասարդ տարիքում միլիոնատեր դարձել, գուցե դա նրանից պահանջի հենց կառավարության ղեկավա՞րը:
Լրագրողներին Քյարամյանն «աչոտ չտվեց», գուցե Փաշինյանի՞ն տա: Փաշինյանն այս հարցում պետք է պահանջի թափանցիկություն. Քյարամյանը դեռ հասարակությանը պետք է համոզի, որ ինչ-ինչ սխեմաների մեջ թաթախված չէ:
NEWSPRESS.am