Տավուշը ո՛չ թե ամենապրոբլեմատիկ, այլ ամենամեծ հնարավորություն ունեցող մարզն է․ մարզպետ
Տավուշի նորանշանակ մարզպետ Հայկ Չոբանյանն իր ընտանիքով այսօր իսկ կտեղափոխվի Տավուշ՝ բնակության։ Այդ մասին նա լրագրողներին ասաց կառավարության նիստից հետո, որի ժամանակ էլ ընդունվել էր իր նշանակման որոշումը։
Հայկ Չոբանյանն՝ ինքը, Բերդի տարածաշրջանից է և վստահեցնում է, որ իր համար թիվ մեկ խնդիրը 350 կմ ձգվող սահմանն է՝ Ադրբեջանի հետ։
«Այս առումով Բերդի տարածաշրջանի նկատմամբ լինելու է հատուկ ուշադրություն՝ բոլոր ուղղություններով, հատկապես տնտեսական առումով, քանի որ թշնամուն հաղթելու կարևոր միջոցը տնտեսությունն ու տեխնոլոգիան զարգացնելն է»,- ասաց նորանշանակ մարզպետը՝ հավելելով, որ խնդիրներին միշտ նայում է որպես մարտահրավեր և հնարավորություն։
Նրա կարծիքով՝ Տավուշի մարզը ո՛չ թե ամենապրոբլեմատիկ մարզն է, այլ ամենամեծ հնարավորություն ունեցողը։
«Սահմանամերձ համայնքներին տրվել է հարկային արտոնություն, որը պետք է դիտարկել որպես հնարավորություն։ Մենք այսօրվանից շարժվում ենք դեպի սահմանամերձ բնակավայրեր։ Սահմանապահ գյուղերն ունեն նաև մեկ այլ առավելություն՝ դա բանակն է. բանակը խոշոր պետական սպառող է և մենք պետք է այնպես անենք, որ համայնքներն առավելագույն մասնակցություն ունենան բանակի սպասարկման գործում»,- ընդգծեց Հայկ Չոբանյանը։