Ինչպե՞ս գերմանացի ռազմագերիները կառուցեցին «Հաղթանակի» կամուրջ, և ի՞նչ կապ ունեն իրար հետ կամուրջն ու «Փակ» շուկան (լուսանկարներ)
1945 թվականի նոյեմբերի 25-ին Երևանում բացվեց «Հաղթանակի» կամուրջը: Կամրջի շինարարությունը սկսվել էր դեռ 1941 թվականին, սակայն պատերազմից հետո այդ գործում իրենց ակտիվ մասնակցությունն ունեցան նաև գերմանացի ռազմագերիները:
NEWSPRESS.am-ի զրուցել է ճարտարապետ Աշոտ Գրիգորյանի հետ, ով պատմեց կամուրջի ստեղծման նպատմությունն ու մի շարք հետաքրքրաշարժ մանրամասներ:
«Մինչև «Հաղթանակի» կամրջի կառուցումը Երևանի գինու կոմբինատի մոտ՝ Հրազդանի ափին կար մի կամուրջ, որ կոչվում էր «Կարմիր» կամուրջ: Կամուրջը հիմա էլ պահպանվել է: Դա միջնադարյան կամուրջ է, որ կառուցվել է կարմիր քարով: Այդ կամուրջը միակն էր, որ Երևանը կապում էր Արարատյան դաշտի և Սարդարապատի հետ: Սակայն խորհրդային կարգերի հաստատումով քաղաքը մեծացավ ու խնդիր առաջացավ նոր կամուրջ կառուցելու:
Նոր կամուրջի կառուցումը սկսվեց հետպատերազմային շրջանում և զուգադիպեց այն բանի հետ, որ պատերազմից հետո Հայաստանում մեծ թվով գերմանացի ռազմագերիներ կային, որոնց մի մասը Երևանում էր: Այդ ռազմագերիներն օգտագործվեցին որպես աշխատուժ ու կամուրջը հաղթանակի պատվին ստացավ «Հաղթանակ» անվանումը:
Կամուրջի նախագիծը հայ մասնագետներն են կազմել և շինարարության ժամանակ մասնակցել են նաև հայ վարպետներ: Կա այսպիսի մի հետաքրքիր պատմություն կամուրջի ու Երևանի «Փակ» շուկայի մասին:
Կամուրջի մեծ կամարները կառուցելու համար պատրաստել են փայտից տախտակամած, որն օգտագործել են նաև շուկայի մեծ կամարաձև ծածկը կառուցելու համար: Կամուրջի կամարներն ու շուկայի կամարը նույն բացվածքն ունեն»:
Ընդգծենք, որ գերմանացի ռազմագերիները Երևանում կառուցել են մի շարք այլ շինություններ, որոնց կանդրադառնանք հաջորդիվ:
Լուսանկարները տրամադրել է Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը: