Չինովնիկ չեն ծնվում, չինովնիկ դառնում են
Ներկայիս կառավարությունը փորձում է համոզել, որ նախկին կառավարությունը չէր աշխատում, փող էր մսխում, արտասահման էր գնում` պետության հաշվին, գռփում էր պետբյուջեն․ կարճ ասած` մե սարսափելի կառավարություն։
Նոր կառավարությունն առաջին օրերին աշխատանքի էր գնում մետրոյով, ոտքով էր գնում կառավարություն, չէր օգտվում պետական ռեսուրսներից, բնակվում էր սեփական տանը և այնտեղից գնում աշխատանքի։
Անցավ շատ քիչ ժամանակահատված, և նոր կառավարությունն արդեն աշխատանքի է գնում կառավարական մեքենաներով, օգտվում է պետականորեն իրենց հատկացվող ռեսուրսներից, շրջապատված է նախկին սարսափելի ղեկավարության ավելի սարսափելի «ախրաննիկներով», բնակվում է կառավարական առանձնատանը և այնտեղից կառավարական գնում կառավարություն։
Ներկա կառավարությունը շատ խոսում է, իսկ թե ի՞նչ է անում՝ դեռևս պարզ չէ, «կրուտիտ» է լինում, ինչպես նախկին կառավարականները՝ ես այդպես չեմ ասել, ինձ սխալ են հասկացել, լրագրողները ճիշտ չեն մեկնաբանել, ես նման բան չեմ ասել և այսպես շարունակ։
Իրենց շուրջն են հավաքել մտերիմներին, ազգականներին, ընկերներին՝ ինչպես նախկինները, փորձում են ապահովել իրենց PR-ը՝ ով ինչպես կարողանում է․ ուղղակի ներկայիս կառավարությունը սոցիալական ցանցերի ռեսուրսից ավելի շատ է օգտվում։
Նախկինում մի բան էին ասում, հետո` մեկ այլ, նախկինում գաղափարներ ունեին, ներկայումս՝ պերճախոսություն, նախկինում քննադատում էին նախկիններին, ներկայումս արդարանում։
Ինչպես երևում է, ՀՀԿ-ն հրաշալի սերունդ է «դաստիարակել» և այստեղ անգամ ՀՀԿ-ի քաղաքական դպրոցը մատը չի շարժել, կարևորը նախկինների գործը շարունակող կա։
Իհարկե, կարող են հերքել նմանությունները և՛ նախկինները, և՛ ներկաները, սակայն կողքից ավելի տեսանելի է, քան ներսից․ պաշտոնյաները կուսակցություն չունեն, նրանք պարզապես չինովնիկ են։