Դեղ առնելը՝ ծանոթով
NEWSPRESS.am էր դիմել մի քաղաքացի։ Այսօր նա փորձել է դեղ գնել դեղատնից, հրաժարվել են վաճառելուց։
«Ցանկանում էի անտիբիոտիկ վերցնել, մի 300 դրամանոց դեղ է: Երբ կոկորդս ցավում է, դրանից եմ վերցնում, չտվեցին, ասացին՝ գնա բժշկի, դեղատոմս բեր, կտանք։ Գնամ բժշկին մի 10 հազար դրամ փող տա՞մ, որ ինձ մի հատ 300 դրամանոց դեղ գրեն, գնամ՝ առնե՞մ։ Համ էլ աշխատանքի եմ, ինձ ո՞վ կթողնի՝ երբ սիրտս ուզի՝ գնամ բժշկի»,- բողոքեց նա։
Պարզվեց, որ նույն դեղատանն աշխատում է նաև նրա ծանոթը, ով խոստացել է նույն դեղը վաճառել, նաև ասել է, որ դեղատներում անտիբիոտիկ վաճառում են վստահելի մարդկանց ու ծանոթներին, իսկ մնացածից դեղատոմս են ուզում։
«Շեֆերն ասել են՝ ծանոթներին տվեք, իսկ մնացածին՝ մենակ դեղատոմսով»,- ասաց նա։
Մեկ այլ քաղաքացի, ով ներկայացավ Նարինե անվամբ, NEWSPRESS.am-ին տեղեկացրեց, որ դեղատնից կարողացել է ամոքսացիլին գնել, սակայն վստահ է, որ ծանոթ դեղատուն էր, այդ պատճառով են իրեն դեղ վաճառել։
«Ոչ բոլորին են դեղ վաճառում, ինչպես նախկինում, էնպես են արել, որ դեղատանն էլ ծանոթ ունենաս, որ դեղ առնես»,- ասում է Նարինեն։
Նշենք, որ կառավարությունը կասեցրել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի «Դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ էլեկտրոնային եղանակով) կարգը, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 14-ի N 759 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1402-Ն որոշման գործողությունը` մինչև 2018 թվականի հոկտեմբերի 1-ը, իսկ ներարկման համար նախատեսված դեղերի մասով` մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը, բացառությամբ` թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող և անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող և հակավարակային (hակաբակտերիային դեղեր, hակասնկային դեղեր, hակամիկոբակտերիային դեղեր, hակավիրուսային դեղեր, իմունային շիճուկներ և իմունոգլոբուլիններ, պատվաստանյութեր) դեղերի:
Մինչև այս որոշման ուժի մեջ մտնելը բժշկի կողմից գրված դեղատոմսը գործում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի «Դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ էլեկտրոնային եղանակով) կարգը, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 14-ի N 759 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1402-Ն որոշմամբ սահմանված կարգով»:
Թեև դեղերի մասին օրենքը կասեցվել է, սակայն դաշտում երկփեղկված իրավիճակ է, հարվածի տակ, իհարկե, քաղաքացիներին են, որոնք երբեմն զրկված են ամենատարրական դեղ գնելու հնարավորությունից, որի դեպքում դեղատոմսի կարիք չկա։