ՀՀ և Վրաստանի կառավարությունները պայմանավորվել են սկսել սահմանազատման աշխատանքները. ԱԳՆ
Հայաստանի և Վրաստանի կառավարությունները պայմանավորվել են սկսել սահմանազատման աշխատանքները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ապրիլի 11-ին ասել է փոխարտգորնախարար Վահան Կոստանյանը։
Նա նշել է, որ գործընթացը, որն ընթանում է ավելի քան 30 տարի, պետք է ավարտվի, դրա վերսկսման պատրաստակամություն են հայտնել երկու կողմերը։ Կոստանյանը տեղեկացրել է, որ երկրներն աշխուժացրել են սահմանազատման հանձնաժողովների կազմերը։ «Նիստեր առայժմ տեղի չեն ունեցել, երկրները տնային աշխատանք են կատարում։ Հուսով ենք, որ այն շուտ կիրականացվի»,- ավելացրել է փոխնախարարը։
Նա նշել է, որ հարեւանների հետ սահմանազատման տրամաբանությունը ենթադրում է սահմանային գծի վերականգնում Ալմաթիի 1991թ. հռչակագրի համաձայն։
Կոստանյանն ընդգծել է, որ Երևանը և Թբիլիսին քննարկումներ են իրականացնում համատեղ ենթակառուցվածքային նախագծերի իրականացման, քաղաքական երկխոսության խորացման, քաղաքացիների միջև կապերի ակտիվացման ուղղությամբ։