ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերից ու եղբայրներից 11 800-ը աշխատանքի է ընդունվել․ Փաշինյան
«Այս ընթացքում ԼՂ-ից բռնի տեղահանված բավականին թվով մեր քույրերն ու եղբայրները Հայաստանում աշխատանքի են ընդունվել»։ Այսօր՝ մարտի 28-ին, կառվարության նիստում տեղեկացրեց Նիկոլ Փաշինյանը:
«Վերջին մեր տվյալների համաձայն՝ նրանց թիվը 10 հազարը գերազանցում է, 11 800-ից ավելի մարդ աշխատանքի է ընդունվել: Մենք այս պրոցեսը պետք է քաջալերենք»,- ասաց Փաշինյանը։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ տեղեկացրեց, որ արցախցի երեխաների ճնշող մեծամասնությունը դպրոցներում են՝ մանրամասնելով, որ խոսքը 17 հազար դպրոցականի մասին է։
«Նաև ամբողջությամբ հոգացել ենք բուհերի ու քոլեջների ուսանողների կրթության կազմակերպման հարցը և արդեն փոխհատուցել ենք այս ուսումնական տարվա առաջին կիսամյակի ուսման վարձը»,- ասաց Ժաննա Անդրեասյանը։
Նրա խոսքով` արդեն 320-ից ավելի արցախցի ուսուցիչ աշխատանքի է անցել մարզերում։
«Նաև այդ ծրագրից դուրս դպրոցներում աշխատանքի տեղավորված ուսուցիչների թիվը շուրջ 500 է»,- ասաց նախարարը: