Էլ ո՞վ, եթե ոչ ես, պետք է խոսեմ կոչումների մասին․ Լուսինե Բադալյան
Արվեստը մեռնում է այն ժամանակ, երբ քաղաքականությունը փորձում է դարձնել այն իր խամաճիկը։ Այս մասին Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ անդրադառնալով «ՀՀ պետական պարգևների ու պատվավոր կոչումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթին, որն այսօր քննարկվում է ԱԺ-ում։
Նա, մոտենալով ԱԺ ամբիոնին, նկատեց, որ իր ելույթը հանպատրաստից է։
«Էլ ո՞վ, եթե ոչ ես, պետք է խոսեմ կոչումների մասին»,- ասաց Բադալյանը՝ պարզաբանելով, որ շատ վաստակավոր արտիստների սաղմնային փուլում նրանց հետ ճանապարհ է անցել։
Ինչ վերաբերում է ԱԺ նախագահի դիտարկմանը, թե՝ Հայաստանում, ով հարսանիքներին ու քեֆերին լավ է երգել՝ ասել են կոչում տվեք, ապա Բադալյանը կարծում է, որ դրա հակառակ պրոցեսը ևս եղել է։
«Պարո՛ն Սիմոնյան, այո՛, հիմնականում ձեր ասած ճանապարհով են ստացել ժողովրդական կամ վաստակավոր արտիստի կոչումներ, բայց մի հատված էլ կա, որ ստացել է՝ ձայնը կտրելու, էդ պահին բերանը փակելու համար: Լավ է՝ վաստակավոր, շատ ավելի լուռ մնալու համար՝ ժողովրդական»,- ասաց նա։
Միևնույն ժամանակ, Լուսինե Բադալյանը հորդորեց մտածել՝ նրանք, ովքեր վաստակավոր կամ ժողովրդական արտիստի կոչում են ստանում՝ արդյոք համաշխարհային մակույթի մեջ ունեն իրենց դերը։
«Սրա մասին եմ առաջարկում մտածել ու նաև այն մասին, թե արդյոք հենց այդ կոչումները չե՞ն սահմանափակումներ դրել այդ արտիստների առաջ ու թույլ չեն տվել առաջ քայլել ու իրենց դերն ունենալ համաշխարհային մշակույթի մեջ»,- ասաց Բադալյանը։