Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Մարադոնային անհաջողակ է անվանել․ նրա համար այլ մեծություն կա
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Rai 1 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ արգենտինացիներ Լիոնել Մեսսին և Դիեգո Մարադոնան լավագույն ֆուտբոլիստները չեն՝ նշելով բրազիլացի Պելեի մեծությունը։
«Որպես խաղացող՝ Մարադոնան հիանալի է: Բայց որպես մարդ նա անհաջողակ է... Մեսսին շատ կոռեկտ է, նա ջենթլմեն է։ Բայց ինձ համար այս երեքի մեջ որպես մեծություն պարոն Պելեն է։ Սրտի մարդ»,- ասել է 86-ամյա Ֆրանցիսկոսը, ով հայտնի է որպես կրքոտ ֆուտբոլասեր։
Հոկտեմբերի 30-ին Մեսսին 8-րդ անգամ նվաճեց «Ոսկե գնդակը»:
Մեսսին Արգենտինայի հավաքականի հետ դարձել է աշխարհի չեմպիոն 2022 թվականի դեկտեմբերին։ Հարձակվողը «Ինտեր Մայամի» է տեղափոխվել 2023 թվականի ամռանը՝ ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենում» երկու տարի խաղալուց հետո։ Օգոստոսի 20-ին արգենտինացին նվաճեց Ամերիկայի առաջին գավաթը՝ Լիգայի գավաթը։ «Ինտեր Մայամիի» կազմում անցկացրած 14 խաղից հետո Մեսսին խփել է 11 գոլ և կատարել 5 արդյունավետ փոխանցում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մեսսին հրաժարվել է «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտային «Ոսկե գնդակի» հանձնման արարողության ժամանակ խմբակային լուսանկարից։