Ապօրինի անցակետից առևանգված քաղաքացին Պատարա համայնքից է, սրտի հետ խնդիր, վիրահատության կարիք ունի․ մանրամասներ
Տանջվող, չարչարվող մարդ է, մի ամիս առաջ հիվանդացել է, ուզում էին տեղափոխել Հայաստան, վիճակը շատ վատ է եղել, ուղղակի որ ճանապարհը փակ է եղել, Կարմիր խաչի հետ խորհրդակցել են, որ տեղափոխեն։ Էսօր առավոտ տարել են, լուրը լսել ենք, որ առևանգել են ադրբեջանցիները։ Այս մասին NEWSPRESS.am-ի հետ զրույցում ասաց Պատարայի համայնքապետ Վալերի Ղահրամանյանը իր համագյուղացու՝ Վագիֆ Խաչատրյանի մասին։
«Տարել են Ստեփանակերտ, մի շաբաթ պառկել է, հետո բերել են այստեղ, դեղեր է ընդունել, մինչև ճանապարհը բացվի։ Ասել են՝ շուտ տեղափոխել, այստեղ արդեն չէին կարողանում ոչ մի բան անել»,- ասաց Ղահրամանյանը՝ հավելելով, որ Խաչատրյանը սրտի հետ կապված խնդիր ունի, վիրահատության կարիք ունի։
«Ես չեմ հասկանում, որ կարողանում են Կարմիր խաչից հիվանդին էդ վիճակով հանել-տանել, ի՞նչ ա կատարվում, արդեն ժողովրդի մեջ ուրիշ բան ա առաջանում, ուրեմն ոչ մի հույս չկա։ Կարմիր խաչն ա մեր հույսը, հնարավոր չի, որ դրանց մոտիկանան, դրանց էլ են մոտիկանում, ես ի՞նչ ասեմ»,- ասաց Ղահրամանյանը։
Համայնքապետն այլ մանրամասների չի տիրապետում, թե ինչպես է տեղի ունեցել դեպքը, միայն նշեց, ոչ Վագիֆ Խաչատրյանի դուստրն է նրա հետ գնացել, որ տանի հիվանդանոց։