Ընդդիմությունը լուռ «թամաշա է անում». ի՞նչ էր ուզում ասել և ո՞ւմ էր ուզում «քցել» Նիկոլը՝ հումանիտար բեռ ուղարկելով

Խառը ժամանակներ են: Երկրի քայքայումն սկսած ուժերը քվանտային քաղաքականություն են վարում այնպես, որ չես կարողանում լիարժեք ընկալել, թե ում պոչն ում կամ ինչի տակ է:
Ոմանց համար անսպասելի, մյուսների համար շատ սպասված զարգացումներով, երկիրը դանդաղ ու կայուն գահավիժում է:
Սրան լուռ հետևում է աշխարհը: Ավելի ճիշտ, ոչ թե լուռ, այլ ոչինչ չասող հայտարարություններով, անիմաստ կոչերով, որոնք արեց նաև 2020 թվականի 44-օրյա պատերազմի ողջ ընթացքում, ու ոչ մի գործնական քայլ, որի արդյունքում եղավ այն, ինչ եղավ:
Հայաստանի իշխանությունները հայկական Արցախն սկուտեղի վրա մատուցեցին թշնամուն:
Այսօր արդեն, իրեն Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակած Նիկոլ Փաշինյանն ու արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անկաշկանդ հայտարարում են, թե՝ ճանաչում են Ադրբեջանի 86,600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը, որի մեջ մտնում է նաև Լեռնային Ղարաբաղը:
Այս իրավիճակը ոչ միայն անընդունելի է հայ ժողովրդի կողմից, այլև պարզապես «նոնսենս» է (nonsense)...
Նիկոլ Փաշինյանը, ով հայտարարում է, թե ինքը Հայաստանի վարչապետն է ու մանդատ չունի Արցախի հարց լուծել, Արցախի հրապարակում բղավում էր, թե՝ Արցախը Հայաստան է ու վերջ, հետո, Արցախյան պատերազմում, բանակը տարավ պարտության ու այժմ արդեն հայտարարում է, թե՝ Ղարաբաղն Ադրբեջան է:
Փաշինյանն այսօր ձեռքերը լվացել է Արցախից ու պնդում է, որ Ղարաբաղն ինքը պետք է իր հարցերը լուծի ու իր ճակատագիրը որոշի: Սա այն դեպքում, երբ Արցախը շրջափակման մեջ է. Փաշինյանն, ըստ էության, Արցախն ու արցախահայությանը կանգնեցրել է անդունդի եզրին և այլընտրանք չի թողնել նրանց համար:
Այս համատեքստում պարզ չէ, թե Փաշինյան Նիկոլը, ով Արցախը համարում է որպես Ադրբեջանի մաս, ի՞նչ նկատառումներով և ի վերջո ո՞ւր՝ հայկական Արցա՞խ, թե՞ իր ճանաչած «Ադրբեջան» ուղարկեց 361 տոննա հումանիտար բեռը:
Նա չգիտե՞ր, որ անցակետում խնդիրներ են առաջանալու, և բեռը կարող է օրերով մնալ այնտեղ: Ո՞ւմ էր այս քայլով ուզում «քցել» Նիկոլը՝ Ռուսաստանի՞ն, թե՞ միջազգային այլ խաղացողների: Ի՞նչ է ուզում ապացուցել՝ որ այս կամ այն խաղացողը թույլ օղակ է և պետք է լքի՞ տարածքը՝ իր տեղը զիջելով մյուս խաղացողին:
Իսկ ո՞ւմ է նախընտրում ինքը՝ Փաշինյանը... գուցե հենց միայն թշնամի երկիր Ադրբեջանի շա՞հն է առաջ տանում:
Իսկ, այդ դեպքում, ո՞ւր են Հայաստանի ու Արցախի խաղացողները, ինչո՞ւ ձայն չեն հանում: Իհարկե, խոսքն այն ներքաղաքական երևացող ուժերի մասին է, ովքեր նախապատրաստված չեն խորքային խաղացողների կողմից, թե՞ չկան այդպիսիք:
Պարզ է, չէ՞, որ քաղաքական այս դաշտում խաղացողները շատ են:
Ընդհանրապես ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, մանր-մունր քաղաքական խմբերի խաղը երբեք որոշիչ չի եղել, ու հարցերը լուծվել են այնպես, ինչպես պետք է արտաքին խաղացողներին:
Սա ցավալի փաստ է:
Բայց Արցախյան հարցը հայի լինելիության խնդիրն է, ու չպետք է մոռանալ, որ երբեմն փոքր ալիքներից կարող է մեծ հորձանուտ առաջանալ:
Մյուս կողմից էլ, տեսնելով հայաստանյան ներքաղաքական ուժերի անշտապող ու հանգիստ դիրքորոշումը, կարելի է մտածել, թե ինչ-որ բան «այն չէ»:
Նրանք ինչ-որ բա՞ն գիտեն, որին մյուսները չեն տիրապետում, թե՞ պարզապես անտարբեր են շուրջը տեղի ունեցող իրադարձությունների ու հայրենիքի գլխին կախված վտանգի նկատմամբ:
Ամեն դեպքում, Փաշինյանը կանգ չի առնում: Նա շարունակում է հանձնել երկիրն ու պատրաստ է իր ճանապարհին զոհաբերել ամեն ինչ ու ամենքին:
Ու եթե այս պարագայում կարելի է հասկանալ արտաքին խաղացողներին, ովքեր կարող են լինել անտարբեր Արցախում ու Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, ապա ոչ մի կերպ չես կարող հասկանալ ու ներել Հայաստանի ներքաղաքական ուժերին ու այն անհատներին, ովքեր հեռվից դիտողի տրամաբանությամբ հանգիստ «թամաշա են անում» տեղի ունեցող զարգացումներին՝ թե դուք սկսեք, տեսնենք՝ ինչ է լինում, կմիանանք...
Այդպես էլ լուռ շարունակում են նայել էկրանից այն կողմ կանգնած հումանիտար բեռներով լցված 19 բեռնատարին.... նայել, գրել մի երկու տող, քննադատել սոցիալական հարթակներում ու վերջ:
Ու տրամաբանությունը շարունակում է մնալ մեկը՝ ամենքը ոտքի են կանգնում, ճանապարհ փակում ու հարայ-բուդուր գոչում միայն, երբ խնդիրն իրենց գրպանի ու մաշկի վրա են զգում, իսկ Հայաստանի ու Արցախի ճակատագիրը մնում է անորոշ ու վտանգված:
Այս խնդիրը կարող է լուծվել միայն այն դեպքում, երբ լինի միասնականություն, երբ մարդիկ սկսեն մտածել ոչ թե ստամոքսի, այլ երկիրը փրկելու մասին:
Հայրենիքն անդունդից հետ քաշելու միակ տարբերակը սա է: