Թե ինչպիսին կլինի նոր աշխարհակարգը, ոչ մեկ չգիտի․ մեզ համար խաղաղության օրակարգն անփոփոխելի է․ Փաշինյան

Քաղաքական վիճակն աշխարհում շարունակում է մնալ լարված և անկայուն։ Աշխարհակարգը, որը մեր տարածաշրջանում ևս համարվում էր կայունության հիմնական գործոններից մեկը, ըստ էության, գոյություն չունի։ Թե ինչպիսին կլինի նոր աշխարհակարգը, ոչ մեկ չգիտի։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ նոր աշխարհակարգի ձևավորման գործընթացում Հայաստանի ազդեցություններն անորոշ են և աննյութական։ Իսկ աշխարհաքաղաքական անկայություններից բխող սպառնալիքները տեսանելի են և իրական։
«Ուկրաինայի իրադարձությունների բերումով մեր տարածաշրջանում աշխարհաքաղաքական ազդեցությունները նվազել են։ Արևելք-Արևմուտք մեզ համար ավանդական բանաձևերը բավարար չափով չեն գործում։ Ստեղծված իրավիճակում մեզ համար կենսական նշանակություն է ստանում տարածաշրջանային ոչ կոնֆորտացիոն քաղաքականության մշակումը, զարգացումը, իրագործումը և տարածաշրջանային ապագայի ճարտարապետության մեջ ՀՀ-ի տեղի և դերի հստակեցումը։ Հայաստանին սահմանակից, այն է՝ Հայաստանը շրջապատող երկրներից որևէ մեկը մյուսի հետ կոնֆորտացիոն հարաբերություններ չունի, և նույնիսկ ամենասուր հարցերի լուծման բանաձևը համարվում է համագործակցության քաղաքականությունը, որն առավել արդյունավետ է դառնում շահերի հավասարակշռման արդյունքում։ Այս առումով Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագրի» ստորագրումը և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը անհրաժեշտություն է այն ընկալմամբ, որ ԻԻՀ-ի և Վրաստանի հետ մեր հարաբերությունները զարգանում են բնականոն կերպով և պետք է շարունակեն զարգանալ»,- նշեց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամը բարձր էմոցիոնալ ֆոն է ստեղծել։ Չնայած այս պայմաններում վերը նկարագրված տեսության իրագործումը չի հեշտանում։
«Ռազմավարական առումով կարևոր է ընդգծել խաղաղության օրակարգի անփոփոխելիությունը և մեր կառավարության հավատարմությունն այդ օրակարգին։ ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամին և դրա հաղթահարման ուղիներին գործնականում ամեն շաբաթ անդրադառնում և անդրադարձել եմ կառավարության նիստերում։ Ուստի այդ թեմայով կանդրադառնամ հարցուպատասխանի ընթացքում՝ կռահելով, որ հարցերը նվիրված կլինեն այդ խնդրին»,- նշեց Փաշինյանը։