Հումանիտար իրավիճակը շատ ծանր է, մենք մոտ ենք հումանիտար աղետի․ Միրզոյանը՝ Արցախում ստեղծված իրավիճակի մասին

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, որն աշխատանքային այցով Ավստրիայում է, հարցազրույց է տվել ավստրիական «DerStandard» օրաթերթին:
Ի թիվս այլ հարցերի, լրագրողը դիտարկում-հարց է հնչեցրել․ «Վերջերս լուրեր տարածվեցին Լաչինի միջանցքի արգելափակման մասին, որը դեպի Լեռնային Ղարաբաղ տանող կարևոր տրանսպորտային հանգույց է: Ինչպիսի՞ն է ներկայիս իրավիճակն այնտեղ»։
Միրզոյանը նախ հստակեցրել է, որ Լաչինի միջանցքը կյանքի միակ ճանապարհն է, որը կապում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի և մնացյալ աշխարհի հետ։
«Այն ապօրինաբար փակվել է արդեն յոթ ամիս առաջ 2020 թվականի նոյեմբերի՝ հրադադարի մասին հայտարարության խախտմամբ։ Սկզբնական շրջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն և ռուսական խաղաղապահ ուժերը կարողացել են Լեռնային Ղարաբաղ մատակարարել սննդամթերքի և դեղորայքի առնվազն որոշ քանակ։ Սակայն արդեն մեկ ամիս է, ինչ միջանցքն ամբողջությամբ արգելափակված է։ Ոչինչ չի անցնում: Լեռնային Ղարաբաղը փաստացի շրջափակման մեջ է»,- ասել է նա:
Հարցին, թե ելք տեսնո՞ւմ է, նա պատասխանել է, որ հումանիտար իրավիճակը շատ ծանր է, մենք մոտ ենք հումանիտար աղետի:
«Ուստի միջազգային հստակ աջակցության ցուցաբերումը հրատապ է»,- նշել է Միրզոյանը։
Հարցին՝ միջազգային շատ դերակատարներ ցանկանում են միջնորդել՝ ԵՄ-ն, ԱՄՆ-ը, նաև՝ Ռուսաստանը: Սակայն ամեն մեկն էլ նաև իր շահն է հետապնդում։ Դուք դա միշտ ընկալում եք որպես աջակցությո՞ւն, թե՞ երբեմն նաև ճնշում եք զգում:
«Գործընթացը երկու հարթություն ունի՝ քաղաքական, որի մասին Դուք հիմա հարցնում եք, և հումանիտար: Ես կառանձնացնեի այս երկու ասպեկտները: Նախևառաջ մեզ անհրաժեշտ է անհապաղ մարդասիրական միջամտություն՝ 120.000 մարդու սովից փրկելու համար: Ապա մենք կարող ենք շարունակել բանակցել բոլորի հետ, ովքեր շահագրգռված են տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմամբ»,- ասել է ԱԳ նախարարը։