Ո՞ւմ են պետք պլակատային կարգախոսները, երբ Արցախում շրջափակման պատճառով մահանում են հացի հետևից գնացող միայնակ մոր երեխաները
Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ ընթանում է ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության և Արցախի կառավարության օպերատիվ շտաբի համակարգմամբ կկազմակերպված Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իրազեկման ակցիան։
ՄԱԿ-ի գրասենյակի մոտ հավաքվել են հադրութցի երեխաներ, ովքեր 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո տեղափոխվել են Հայաստան։
Ակցիային մասնակցում էին նաև հոգևորականներ: Նրանք իրենց կոչն ուղղեցին ՄԱԿ-ին՝ միջնորդելու ճանապարհի բացմանը:
Հոգևորականը կոչ արեց. «120 000 արցախահայեր գտնվում են կենսական ծանր պայմաններում։ Եկել է միասնական լինելու, ոտքի կանգնելու ու մեր արդարացի պահանջը համայն աշխարհին ներկայացնելու պահը։
Արցախը եղել է, կա, պետք է լինի հայկական ու մենք ամեն մեկս՝ հայերս, պետք է պահանջատեր լինենք մեր հայրենիքին։
Երբեք հույսներս չկորցնենք, այլ համախմբվենք, լինենք միասնական։ Եկել է պահը»։
Ակցիայի մասնակիցները հիշեցրեցին՝ ՄԱԿ-ը նպատակադրվել է նվազեցել մանկական մահացության թիվը, մինչդեռ Արցախում շրջափակման պատճառով մահանում են հացի հետևից գնացող միայնակ մոր երեխաները. «Ում են պետք պլակատային կարգախոսները։ Շրջափակված Արցախի անունից կոչ ենք անում միջազգային կառույցներին, ՄԱԿ-ի անդամ պետություններին՝ հայտարարություններից, հորդորներից զատ գործնական քայլերով կանխել Արցախում Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտումների և ցեղասպան քաղաքականությունը, իրավական պատժամիջոցներով գործի դնել Հագայի դատարանի որոշումներ»։