Ի՞նչ իմանային բայրաքթարներից մոխրացած մեր տղերքը, որ թուրքական դրոշը ծածանվելու է Հայաստանում
Վաղը Երևանում կկայանա Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը։
Հանդիպումից առաջ մարզասրահի մուտքի մոտ ծածանվում է Թուրքիայի դրոշը։
Առաջին անգամը չէ, որ թուրք ֆուտբոլիստները Երևան են ժամանում։ Նրանք Հայաստանում եղել են նաև 2008-ի սեպտեմբերին, երբ «Հրազդան» մարզադաշտում կայացավ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը, ինչին ներկա էին ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը և Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը։
Հենց այս ֆուտբոլային հանդիպումով սկզիբ դրվեց ֆուտբոլային դիվանագիտությանը։
Հայաստանի այն ժամանակվա իշխանությունը որոշեց առանց նախապայմանների գնալ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման։
2008 թվականին, երբ Սերժ Սարգսյանը որոշեց հարաբերություններ կարգավորել Թուրքիայի հետ, ինչին ձգտել են Սերժ Սարգսյանից առաջ եղած ՀՀ բոլոր նախագահները, Հայաստանը Ադրբեջանին պարտված երկիր չէր։ Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման էր գնում՝ լինելով Ադրբեջանին ռազմական, մշակութային, քաղաքական և այլ որլորտներում հաղթած երկիր։
Արցախյան առաջին պատերազմում հաղթանակը ավելի էր ամրացնում հայկական դիվանագիտության ատամները։ Սերժ Սարգսյանը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման էր գնում՝ չուրանալով Հայոց ցեղասպասանությունը և չհանձնելով
Արցախը Ադրբեջանին։
Այդ պայմաններում Հայաստանում անցկացվող ֆուտբոլային խաղի ժամանակ կծածանվեր թուրքական դրոշը, թե ոչ, այդքան էլ քաղաքական առումով էական չէր, որովհետև Հայաստանը չէր բանակցում ծնկած դիրքից, իսկ Գյուլի հետ ֆուտբոլին հետևող Սերժ Սարգսյանը իր թիկունքում թուրքական բայրաքթարներից զոհված հազարավոր հայերի դիակներ չուներ։
Տրամագծորեն տարբեր է վիճակը հիմա։ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գնացող Հայաստանի վարչապետ Փաշինյանը հայ քաղաքական գործիչներից միակն է, ով Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման է գնում՝ բավարարելով Թուրքիայի ամենամեծ ու ամենաառաջնային պահանջը՝ հանձնելով Արցախը Ադրբեջանին։
Հենց այս տրամաբանությունն է, որ անընդունելի է դարձնում թուրքական դրոշի ծածանումը Հայաստանում։ Հայաստանը միայն Փաշինյանին ընտրած այն 680 հազարի երկիրը չէ։ Եթե նրանց համար ընդունելի է Արցախի հանձնման գնով թուրքական դրոշի ծածանումը Հայաստանում, ապա Փաշինյան չընտրած արժանապատիվ հայերի համար դա անընդունելի է։
Ինչ իմանային Արցախում թուրքական բայրաքթարներից մոխրացած հայ զինվորները, որ Հայաստանի կենտրոնում պատերազմից կարճ ժամանակ անց ծածանվելու է թուրքական դրոշը՝ ի նշան ազգային անարժանապատվության։ Քաղաքակիրթ աշխարհի համար, այո, սպորտը և քաղաքականությունը տարանջատվում են, բայց 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի ներգրավվածությունից, թուրք գեներալների ձեռքով կառավարվող պատերազմից հետո այդ քաղաքակիրթ բաժանումը չի գործում։