Մենք բոլորս ունենք պարտականություն՝ մեր ունեցած հայրենիքը շատ պինդ գրկելու և մեր ժառանգածը փոխանցելու մեր հաջորդ սերունդներին. Աբրահամյանը՝ աշակերտներին
«Աշոտ Նավասարդյանը, որը եղել է Հայաստանի հանրապետական կուսակցության հիմնադիր-նախագահ, հայ ժողովրդի ապագան կապել է ազատ, անկախ եւ միացյալ Հայաստանի հետ»,- ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը խորհրդարան այցելած Երեւանի Աշոտ Նավասարդյանի անվան թիվ 196 հիմնական դպրոցի աշակերտների եւ ուսուցիչների հետ հանդիպմանը:
Պատգամավորն անդրադարձել է Հայաստանի պետական կառավարման համակարգին, նշել, որ Ազգային ժողովն առաջնային մանդատ ունեցող քաղաքական միակ կառույցն է: Նա խոսել է նաեւ խորհրդարանի վերահսկողական գործառույթի, ինչպես նաեւ ընդդիմադիր խմբակցության գործունեության մասին:
Աշոտ Նավասարդյանի հետ ունեցած անձնական շփումների մասին է խոսել «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանը: Նա տեղեկացրել է, որ կուսակցությանն անդամակցելու ժամանակ Աշոտ Նավասարդյանն է եղել իր երաշխավորը: Տարոն Մարգարյանը կարեւորել է որակյալ կրթություն ստանալը, դպրոցականներին հորդորել է լավ սովորել, լինել հայրենասեր ու հայրենիքի նվիրյալ:
Շիրակի մարզի խնդիրներին վերաբերող հարցին անդրադարձել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը: Նա նշել է, որ 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո մարզում մեծածավալ աշխատանքներ են իրականացվել: «Այսօր Գյումրին գեղեցիկ, ուրախ քաղաք է եւ գրավում է բազմաթիվ զբոսաշրջիկների»,- ընդգծել է պատգամավորը:
Իսկ ի՞նչ է հայրենիքը հարցին «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը նշել է, որ այն սկսվում է հայրենի հողից, որը դարերի ընթացքում բազմաթիվ հայորդիների արյան գնով պաշտպանվել եւ փոխանցվել է մեզ:
«Մենք բոլորս ունենք պարտականություն՝ մեր ունեցած հայրենիքը շատ պինդ գրկելու, կառուցելու, պաշտպանելու եւ մեր ժառանգածը փոխանցելու մեր հաջորդ սերունդներին»,- ասել է Տիգրան Աբրահամյանը:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանն էլ, դիմելով աշակերտներին, հորդորել է զերծ մնալ կեղծ բարեպաշտությունից, կեղծ հայրենասիրությունից եւ ձգտում ունենալ դառնալու մեր երկրի մի փոքրիկ մասնիկը:
Հյուրերը շրջայց են կատարել Ազգային ժողովում, ծանոթացել խորհրդարանի աշխատանքային անցուդարձին: