Ադրբեջանի ղեկավարությունը Արցախի ժողովրդի էթնիկ զտումների նախապատրաստություններ է տեսնում. Փաշինյան (տեսանյութ)
Ադրբեջանը շարունակում է ապօրինի կերպով փակ պահել Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի միակ անցանելի ասֆալտապատ ճանապարհը, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Սրա արդյունքում, ըստ նրա, հումանիտար իրավիճակը ԼՂ-ում շարունակում է մնալ լարված։
«Միևնույն ժամանակ, տեսնում ենք Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում իրադրությունը, ռազմական առումով, սրելուն ուղղված կոնկրետ գործողություններ Ադրբեջանի կողմից։ Վերջին աղաղակող դրսևորումը ԼՂ ոստիկանության երեք աշխատակիցների սպանությունն էր մարտի 5-ին», - ասաց նա։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այս միջադեպը տեղի է ունեցել ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտում։