Սեյրան Օհանյանը շատ ճիշտ քայլ է անում․ Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի կարծում, թե թույլ տալով, որ Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական գործը շարունակվի՝ ներքին պառակտում են առաջացնում։ Նա լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ օրենքը հավասար է բոլորի առաջ։
Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ չեն ուսումնասիրվում Պաշտպանության գործող նախարար Սուրեն Պապիկյանի կողմից կատարված օտարման գործերը, Սիմոնյանն արձագանքեց, որ հարկ եղած դեպքում՝ դրանց ևս կանդրադառնան։
Ինչ վերաբերում է նրան, որ Սեյրան Օհանյանը չի պահանջել կիրառել վաղեմության ժամկետ, ապա ըստ ԱԺ նախագահի, դա ճիշտ քայլ է։
«Սեյրան Օհանյանը, այսօր չգալով և չստորագրելով վաղեմության հետ կապված թուղթը, շատ ճիշտ քայլ է անում: Նա ուզում է ցույց տալ, որ ինքը նույնիսկ դատավարության պարագայում կարող է ապացուցել, որ ինքն ազնիվ, արդար աշխատակից է եղել: Այս առումով մենք ոչ թե պառակտում ենք, այլ օգնում ենք Սեյրան Օհանյանին»,- ասաց Ալեն Սիմոնյանը: