Արմավիրի ՔԿՀ-ում կալանավորին խոշտանգում են․ քույրն ահազանգում է

34-ամյա կալանավոր Վիրաբ Ղազարյանի քույրը՝ Գայանեն, ահազանգում է․ եղբոր մոտ փտախտ է սկսվում, իսկ կալանավայրում անգամ հասարակ բուժօգնություն չեն ցուցաբերում։
NEWSPRESS.am-ի հետ զրույցում կալանավորի քույրը պատմեց, որ եղբայրը բաժանված է, ունի իր խնամքին 3 անչափահաս երեխա և այժմ ոտքի ծանր վիրահատությամբ գտնվում է կալանքի տակ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում, որը տեղակայված է Էջմիածին քաղաքին հարակից Չոբանքյարա կոչվող տարածքում։
Հանրապետական հիվանդանոցում Վիրաբին վիրահատել են, այնուհետև՝ 3 ամիս անց, նրան տեղափոխել են Երևանում տեղակայված «Դատապարտյալների հիվանդանոց»։
«Վիրաբույժն ասել էր, որ ինքն ունի ֆիզոթերապիայի և խնամակալի կարիք, ու երկար բուժում է պետք»,-ասում է քույրն ու նշում, որ բժշկի ախտորոշումը հիմք ընդունելով՝ դատարանը նշանակել է դատաբժշկական փորձաքննություն․ «Կամիսիա են նշանակել։ Կամիսիան էլ իր որոշման մեջ նշել է՝ ծանր ընթացք, խնամակալի ու ֆիզոթերապիայի կարիք։ Իսկ քանի որ ЦБ-ն (Դատապարտյալների հիվանդանոց) չի կարող էդ ամեն ինչը ապահովել, ու հետո, որ ախպորս մի բան լինի՝ չի կարա պատասխան տա՝ ուղարկել ա Վիրաբին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ»,- ասում է տիկին Գայանեն։
Նա նկատում է, որ եղբոր մոտ ոչ մի դրական տեղաշարժ չկա․ հակառակը՝ ոտքի թարախային օջախն ակտիվացել է, ու բորբոքային պրոցես կա եղբոր մոտ։
«Ախր 34 տարեկան տղա է՝ 3 անչափահաս երեխա ունի խնամքի տակ ու ծեր հայր ու մայր։ էն ժամանակ փորձում էին բուժեն, որ ոտքը չկտրեն, բայց հիմա էնքան է բարդացել, որ շատ հնարավոր ա արդեն առանց կտրելու չլինի։ Արդեն իր կյանքին է վտանգ սպառնում փտախտը։ Ամբողջ բանտախուցը տհաճ հոտ է լցվել թարախի հոսքից։ ՔԿՀ-ում անգամ յոդի մի կաթիլ չեն քսում վերքին»,- ասում է քույրը։
Նա գիտակցում է, որ այստեղ յոդն անգամ անզոր է և լուրջ բուժօգնություն է հարկավոր, բայց ՔԿՀ-ից նրա վիճակը նկարագրող ոչ մի փաստաթուղթ չեն տալիս։
Գայանեին տեղյակ են պահել, որ իրենք չեն կարող պետպատվերով բուժում ապահովել, քանի որ նրա եղբայրը դատապարտյալի կարգավիճակ չունի, այլ այս պահին կալանավորված է։ Նրան հորդորել են կալանքի խափանման միջոցը փոխել, սակայն, միևնույն ժամանակ, ոչ մի փաստաթուղթ չեն տրամադրում, որպեսզի գործընթաց սկսվի։
«Ասում են՝ գնա թուղթ բեր, գնում եմ Գժոյանի մոտ, նա էլ ասում է՝ թուղթը կստորագրեմ կտամ Վիրաբին ու չի տալիս։ Հետո ասում են՝ օրվա վերջ կտան ու չեն տալիս․ մատերի վրա պարացնում են ու չեն ուզում ոչ ոք իմանա, որ իրենց մոտ էդ ձև ծանր վիճակով կալանավոր է գտնվում։ Մեր երկրում մարդու իրավունքները պաշտպանված չեն, ավելին՝ ոտնահարված է ու մեր կալանավորներին Հայաստանում խոշտանգում են»,- ասում է մեր զրուցակիցը։
Նա նկատում է, որ ժամանակ չկա, քանի որ եղբայրն օրեցօր նիհարում է, իսկ դա նշանակում է, որ նա առողջ չէ և լուրջ պրոցես է տեղի ունենում օրգանիզմում։
«Մենք գերի ունենք Ադրբեջանում, Փաշինյանն ասում է՝ մեր գերիներին խոշտանգում են․ բա ինչի՞ չի ասում, որ իրենք էլ Հայաստանի գաղութներում են հայերին խոշտանգում»,-եզրափակեց մեր զրուցակիցը։
Արմինե Մկրտումյան