ԼՂ կարգավիճակի հարցը ճիշտ կլինի թողնել հաջորդ սերունդներին․ ՌԴ դեսպան
Սոչիում տեղի ունեցած եռակողմ բանակցությունների հետ կապված կարծում եմ՝ դժվար է որևէ բան ավելացնել նրան, ինչ արդեն ասել է ՌԴ նախագահը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Ռուսաստանի Արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Նրա դիտարկմամբ, միայն հանդիպման տևողությունից կարելի է ենթադրել, որ բանակցությունները շոշափելի արդյունք են տվել։
«Իհարկե, նախագահը (նկատի ունի ՌԴ նախագահ Պուտինին-հեղ․) ասաց, որ ոչ բոլոր հարցերի շուրջ է վիճակվել համաձայնության գալ, բայց կողմերը պատրաստակամություն են հայտնել հարցի կարգավորման շուրջ»,- ասաց դեսպանը։
Կարևորելով, որ 3 պետությունների ղեկավարները հանդիպել են Ռուսաստանում, Սերգեյ Կոպիրկինը նշեց, որ չնայած այս պահին ՌԴ-ն այլ ուղղություններով ևս որոշ խնդիրներ ունի, բայց Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն վիճակը ՌԴ-ի համար մեծ նշանակություն ունի։
«Ինչպես ասաց մեր երկրի նախագահը, կարգավորման ամբողջ համալիրը պետք է լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածությունների արդյունք»,- Պուտինի խոսքերը կրկնեց դեսպանը։
ՌԴ դեսպանը չմեկնաբանեց Ադրբեջանի նախագահ Ալիևի հայտարարությունն այն մասին, թե ԼՂՀ հիմնախնդիրն այլևս պատմություն է։
«Կարող եմ կրկնել այն, ինչը ՌԴ ղեկավարությունը, այդ թվում նաև՝ նախագահ Պուտինը մեկ անգամ չէ, որ ասել են։ Մեր կարծիքով՝ ԼՂ կարգավիճակի հարցը ճիշտ կլինի թողնել հաջորդ սերունդներին, երբ կձևավորվեն բոլորի համար ընդունելի արդար լուծման պայմաններ»,- ասաց նա։